Comedy Club-ի հաղորդավար և գեղարվեստական ղեկավար Գարիկ Մարտիրոսյանը «Անտեննա»-ին հրավիրել է Յուրմալայում գտնվող իր տուն, հայտնում է wday.ru-ն:

Գարիկը պատմել է, որ ամռանն իրենք երեխաների հետ հեծանիվ են քշում, հետո նրանք մոր՝ Ժաննայի հետ հանգստանում են լողավազանի մոտ, երեկոյան քայլում են փողոցով:

Գարիկն ասել է. «Ամեն տարի գրում են, որ ես այստեղ տներ եմ կառուցում, անշարժ գույք եմ գնում: Բայց դա անհեթեթություն է: Սվետլակովը կարող է իրեն նման բան թույլ տալ. նա, ի տարբերություն ինձ, Մոսկվային կպած չէ մշտական նկարահանումներով: Սերյոժան այստեղ սցենարներ է գրում, ես չեմ կարող երկար ժամանակով մեկնել մայրաքաղաքից»:

Այն հարցին, թե արդյոք Դանիելի դայակը նրա հետ հայերե՞ն է խոսում, թե՞ ոչ,  Գարիկը պատասխանել է. «Մեր ընտանիքում դրվածքն այսպիսին է՝ ռուսերենը պարտադիր է, անգլերենը՝ շատ ցանկալի, իսկ հայերենը սուրբ է. պետք է իմանալ: Երեխաների համար երկու լեզուն արդեն մայրենի են: Ժասմինը գրում, խոսում և կարդում է հայերեն: Դանիելն առայժմ ոչ մեկով չի գրում, բայց երկուսով ազատորեն խոսում է»: