«Ժամանակ» թերթը գրում է.
«2014 թվականի առաջին կիսամյակում հայ-վրացական առևտրաշրջանառությունն աճել է 42 տոկոսով` Երևանում արձանագրել են Հայաստանի ու Վրաստանի վարչապետները: Տպավորիչ ցուցանիշ է, թեև ավելի հետաքրքիր կլինի, թե ինչպիսին է պատկերը զուտ թվաբանական արտահայտությամբ: Բայց շուտով հնարավոր է, որ այդ 42 տոկոսն էլ չլինի: Որովհետև եթե Հայաստանն անդամակցի Եվրասիական տնտեսական միությանը, ապա իրական մեծ վտանգ կա, որ դա խոչընդոտներ կհարուցի հայ-վրացական հարաբերության համար, ինչը անխուսափելիորեն կազդի առևտրաշրջանառության ծավալի վրա:
Երկու երկրները խուսափում են այդ կապակցությամբ բաց խոսակցությունից, հանրություններին հստակ մեսիջներ և տեղեկատվություն փոխանցելուց: Այնպիսի տպավորություն է, որ այդ խնդիրը նույնչափ գաղտնի բանակցության առարկա է, որքան Արցախի հարցը: Թեև Արցախի հարցում ներկայումս գաղտնիք երևի թե չի էլ մնացել, և բոլոր կողմերը՝ հակամարտող ու միջնորդ, փաստացի խաղում են բավական բաց և հստակ ներկայացրել են իրենց մտադրություններն ու ծրագրերը: Այսինքն` հայ-վրացական հարաբերության խնդիրը ներկայումս անկասկած ավելի փակ խնդիր է, քան Արցախի հակամարտության բանակցային գործընթացը:
Երևի դժվար է գտնել որևէ երկրորդ օրինակ, որ երկու կարևոր հարևանների միջև հարաբերությունները նման գաղտնիության քողով ծածկված լինեն, և հասարակությունները ստիպված լինեն միայն գուշակել, թե միմյանց հետ շփումներում ինչ հեռանկարներ են սպասվում: Իրականում այս երևույթը ոչ միայն անոմալ է 21-րդ դարի հարաբերությունների տեսանկյունից, առավել ևս, որ Հայաստանն ու Վրաստանը որևէ ազգամիջյան կամ միջպետական, որևէ էթնիկ բաց վերք կարծես թե չունեն, այլև իսկական ահազանգ է, օրինակ, Հայաստանի ապագայի մասով»:
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: