«Այսօր հրաշալի օր է: Ես կենդանի եմ, դա կարելի է հրաշք համարել»,- հայտարարել է 33- ամյա բժիշկ Քենթ Բրենթլին, որը բոլորովին վերջերս ապաքինվել է Էբոլա տեսակի հիվանդությունից:
«Երբ մարտ ամսին տեղեկացանք, որ Գվինեայում Էբոլա հեմոռագիկ տենդ է ախտորոշվել, այլեւս պարզ էր, որ պետք է վատթարագույնին պատրաստվենք: Լիբերիայում մեր առաջին հիվանդին ամիսներ անց՝ հունիսին դիմավորեցինք, այնպես որ մինչ այդ պատրաստվելու ժամանակ էինք ունեցել: Իսկ հուլիսի 23-ի առավոտյան, արթնանալուն պես, հասկացա, որ ինչ-որ բան այն չէ: Հետո պարզվեց, որ վարակ ունեմ, և կյանքիս հունը սկսեց բոլորովին այլ՝ անկանխատեսելի ուղղությամբ ընթանալ», - պատմել է բժիշկը լրագրողների հետ հանդիպման ժամանակ:
Օգոստոսի 2-ին հոսպիտալացված 33-ամյա բժիշկ Քենթ Բրենթլին հուլիսի 21-ին լքել է բուժհատատությունը, իսկ նրա գործընկեր, Լիբերիայում երկու օր ուշացումով ԱՄՆ տեղափոխված 59-ամյա Նենսի Րայթբոլը դեռեւս օգոստոսի 19-ին էր դուրս գրվել: Ինչպես հաղորդել է նրա ամուսինը Նենսին «լիովին ձերբազատվել է վիրուսից», բայց ֆիզիկապես բավականին թույլ վիճակում է գտնվում, այնպես որ հետագա վերականգնողական թերապիան հիվանդանոցից դուրս կազմակերպելու մասին որոշում է կայացվել:
Հարկ է նշել, որ հուլիսի վերջին օրերին դոկտոր Բրենթլին ԱՄՆ էր տեղափոխվել՝ նախօրոք մարդկանց նկատմամբ չփորձարկված դեղամիջոցի օգնությամբ բուժում ստանալու համար: Բրենթլիի խոսքով, իր համար անմիջապես պարզ է դարձել, որ դեղամիջոցն «աշխատում է»:
Այս թերապիան անցնող ևս երեք բժիշկների մոտ ներկայումս ապաքինման նշաններ են նկատվում: