Հայաստանի էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունում այսօր՝ օգոստոսի 22-ին, ՀՀ կառավարության և «Անակլիա Այ Ի Փի Հոլդինգ» ՍՊԸ-ի միջև ստորագրվեց «Հայաստանի Հանրապետության տարածքում 540 ՄՎտ հզորության գազային էլեկտրակայանի (2x270ՄՎտ) կառուցման և շահագործման վերաբերյալ» համաձայնագրի հիմնադրույթները:
ՀՀ կառավարությունը կաջակցի մի շարք հարցերում, որոնցից են օրինակ՝ էլեկտրակայանի և հարակից ենթակառուցվածքների կառուցման նպատակով համապատասխան հողատարածքների հատկացման հարցում աջակցություն, գազի երաշխավորված ծավալների մատակարարումը, անհրաժեշտ թույլտվությունների տրամադրումը, գործող օրենսդրության շրջանակներում՝ իր ներդրումների երաշխավորված պաշտպանվածությունը, հարկազատումը և կոմունալ միացումները, ինչպես նաև բարձրավոլտ էլեկտրական գծերից դրանց թողունակության շրջանակներում օգտվելու և էլեկտրաէներգիայի արտահանման ոչ խտրական իրավունքների տրամադրումը:
Նախագծի իրականացման նպատակով «Անակլիա Այ Ի Փի Հոլդինգ» ՍՊԸ –ն կներդնի շուրջ 600 մլն ԱՄՆ դոլլար: Կայանում տեղադրվելու են «Ջեներալ Էլեկտրիկ» ընկերության արտադրության գազատուրբիններ:
Գազային էլեկտրակայանի կառուցումը կնպաստի Հայաստանի Հանրապետության էներգետիկ անվտանգության բարձրացմանը եւ կենսունակության ապահովմանը, արտադրական հզորությունների զարգացմանը, ինչպես նաեւ էլեկտրաէներգիայի արտահանման ծավալների աճին: