Օգոստոսի 21-ին ՄԱԿ-ի ԱԽ-ում տեղի ունեցավ «Հակամարտությունների կանխարգելում. միջազգային խաղաղության և անվտանգության պահպանում» խորագրով բաց քննարկում, որին մասնակցեցին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մունը, Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Նավի Փիլայը, ինչպես նաև շուրջ վեց տասնյակ անդամ պետությունների ներկայացուցիչներ: Այս մասին հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:

Նիստին ելույթով հանդես եկավ ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Զոհրաբ Մնացականյանը, ով գոհունակություն հայտնեց բաց քննարկման նախաձեռնման համար՝ կարևորելով հակամարտությունների կանխարգելման հարցում ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի և ՄԻ գերագույն հանձնակատարի դերակատարությունը:

Հայաստանի դեսպանն ընդգծեց, որ Հայաստանն առանձնահատուկ կարևորում է քաղաքացիական հասարակության, մասնավորապես՝ հասարակական կազմակերպությունների դերակատարությունը վեճերի կանխարգելման գործընթացում փոխվստահության մթնոլորտի ձևավորման համար: Սակայն, նշված ջանքերը կարող են ապարդյուն լինել այն դեպքերում, երբ պետության ղեկավարությունը չի կարողանում ապահովել երկրում մարդու հիմնարար իրավունքները և ազատությունները:

«Հայաստանը խորապես հետաքրքրված է կանխարգելման արդյունավետ մեխանիզմի հաստատման խնդրով` լինի դա միջազգային կամ տարածաշրջանային մակարդակներով: Կանխարգելումը անհրաժեշտ է ոչ միայն հնարավոր հակամարտության ծագման, այլև իր վերջնական կարգավորումը չստացած հակամարտությունների դեպքում: Խոսքը վերաբերվում է նաև Լեռնային Ղարաբաղի հարցին, որի բնակչության ինքնորոշման իրավունքի իրագործման դեմ Ադրբեջանը սանձազերծեց լայնամասշտաբ պատերազմ՝ ոտնահարելով ՄԱԿ-ի կանոնադրությունը:

Վերջին շաբաթների ընթացքում աշխարհն ականատես եղավ ԼՂ ու Ադրբեջանի միջև շփման գծի և հայաստանա-ադրբեջանական սահմանի ամբողջ երկայնքով զինադադարի ռեժիմի բազմակի խախտումների և ադրբեջանական զինուժի կողմից սադրիչ-դիվերսիոն գործողությունների կտրուկ աճին, ինչը մարդկային զոհերի պատճառ դարձավ, այդ թվում՝ խաղաղ բնակչության շրջանում», - նշեց ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչը: