Այսօր՝ օգոստոսի 22-ին, Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցավ նոյեմբերի 5-ի գործով դատական հերթական նիստը: Նիստը սկսելուց առաջ ամբաստանյալ Լիպարիտ Պետրոսյանը դատարանին խնդրեց թույլ տալ իրեն իր ձեռքով պատրաստած վարդ նվիրել կնոջը՝ նշելով, որ առանց առիթի է նվիրում վարդը։ Ամբաստանյալի կինը, ով նստած էր դահլիճում, մոտեցավ ամուսնուն և վերցրեց վարդը։
Նիստի ընթացքում դատախազ Գևորգ Գևորգյանն ընթերցեց գործում առկա զեկուցագրերը, ներկայացրեց այն իրերի ցանկը, որոնք որպես ապացույց կցված են գործին: Դատախազի խոսքը մի պահ ընդհատվեց Շանթ Հարությունյանի հայտարարությամբ, համաձայն որի՝ նոյեմբերի 5-ի գործով ամբաստանյալների դեմ ՀՀ ոստիկանությունը առաջադրել է ԿԳԲ-ի «սարքած» մեղադրանքը:
«ԿԳԲ-ի նպատակն էր սարքել, պրովոկացիա անել, մեզ ներքաշել կռվի մեջ, ձերբակալել մարդկանց, այնուհետև հիմնավորել, որ քաղաքական ոչ մի դրդապատճառ չի եղել, խուլիգանական արարք է եղել: Իմ ընկերները երբ գրում են, որ Շահենիկին գետնին ընկած են տեսել,ԿԳԲ-ն կարողացավ այդ ցուցմունքը էնպես օգտագործել, որ գործ հարուցեցին Շահենի դեմ: Երրորդ էտապն այն էր, որ հիմնավորեին, որ դրսից ֆինանսավորում է Շանթը ստացել: Չորրորդ էտապը լինելու էր այն, որ Շանթը, փողից դրդված, իր ընկերներին քաշել է պատմության մեջ: Հիմա դուք ներկայացնում եք սցենարի առաջին փուլը, իրավական առումով ուղղորդումը եղել է ԿԳԲ-ի կողմից: Դատախազությունն էլ է ԿԳԲ-ի գործակալ, ոստիկանությունն էլ է ԿԳԲ-ի գործակալ, դատարանն էլ է ԿԳԲ-ի գործակալ, Հայաստանի ԿԳԲ-ն էլ Ռուսաստանի ԿԳԲ-ի մասնաճյուղ է: Հայաստանը անկախացել է, բայց ԿԳԲ-ն շարունակում է սպասարկել Կրեմլին: Դուք գնալու եք, մի օր էլ փորձեք պարզել՝ Շանթի վրա փող կա, թե չէ: Դատախազությունը ներկայացնում է ռուսական ԿԳԲ-ի կողմից շառ սարքած մեղադրանքը: Վերջում էլ Շանթին ազգի դավաճան կհանեք, կպրծնեք»,-ասաց Շանթ Հարությունյանը:
Հիշեցնենք, որ «Ազգային միացյալ նախաձեռնության» ղեկավար Շանթ Հարությունյանը, 2013թ. նոյեմբերի 5-ին, հարյուր աջակիցների հետ Գայ Ֆոքսի դիմակներով «Անոնիմուսների երթ» էր սկսել դեպի նախագահի նստավայր։ Սակայն ոստիկանները Մաշտոցի պողոտայում կասեցրել էին երթը և բերման էին ենթարկել 38 ակտիվիստների, այդ թվում՝ Շանթ Հարությունյանին և նրա որդուն։ Բախումների հետևանքով տուժել էր 16 մարդ, այդ թվում՝ ութ ոստիկան: Նրան առաջադրված մեղադրանքը վերաորակվել է և մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով՝ զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ խուլիգանությունը: