ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը կարող էր փրկել հարյուր հազարավոր մարդկանց կյանք` կոնֆլիկտներին ավելի պատասխանատու վերաբերմունք ցուցաբերելով: Այս կարծիքն է հայտնել ՄԱԿ-ի մարդու իրավունքների պաշտպանության գերագույն հանձնակատար Նավի Պիլայը:
Ինչպես հաղորդում է BBC-ն՝ նախքան հանձնակատարի պաշտոնից հեռանալը Պիլայն ասել է, որ կարճաժամկետ աշխարհաքաղաքական օգուտները և ազգային շահերի նեղ ընկալումը մշտապես դասվել են միջազգային անվտանգության լրջագույն խախտումներից և մարդկային տանջանքներից վեր:
Հիշեցնենք նաև, որ օգոստոսի 21-ին ՄԱԿ-ի ԱԽ-ում տեղի ունեցավ «Հակամարտությունների կանխարգելում. միջազգային խաղաղության և անվտանգության պահպանում» խորագրով բաց քննարկում, որին մասնակցեցին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մունը, Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Նավի Փիլայը, ինչպես նաև շուրջ վեց տասնյակ անդամ պետությունների ներկայացուցիչներ: