Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրեսում օգոստոսի 13-26-ն անցկացվում է Տանգոյի աշխարհի փառատոն-առաջնությունը, որին մասնակցում են ռեկորդային թվով մասնակիցներ՝ ավելի քան 600 պարող 41 երկրներից։ Որոշ զույգեր մասնակցում են միաժամանակ մի քանի անվանակարգերում, հայտնում է «РИА Новости»-ն։

Զույգերը մրցում են տանգոյի 2 տեսակներում՝ սրահային և բեմական։ Սրահային տանգոն տարբերվում է կատարման զգացմունքայնությամբ, իսկ  բեմականը պարունակում է ավելի բարդ էլեմենտներ տարբեր պարային ուղղություններից։

«Բեմական տանգոյում կան տարբեր մասնիկներ, օրինակ՝ բալետից կամ ջազից, որոնք հնարավոր չէ հանդիպել սրահային տանգոյում»,- պատմել է մրցումների մասնակիցներից մեկը։

«Սրահային տանգոն ավելի զգացմունքային է, քան բեմականը, նրանում է տանգոյի ողջ էությունը։ Մինչդեռ բեմական տանգոն պարունակում է շարժումներ, որոնք հատուկ են նաև պարային տարբեր ոճերի»,- նշել է պարող Ռիկարդո Ալվարադոն: