Երևանի քաղաքապետարանի «Երևանյան ամառ» եռամսյա ծրագրում ներառված վերջին՝ Գարեջրի փառատոնը, կայացավ օգոստոսի 22-ին, Կարապի լճի հարակից տարածքում։

Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից ողջունել է փառատոնի մասնակիցներին ու ներկաներին և նշել, որ քաղաքապետարանը, նախաձեռնելով այս փառատոնը, լիահույս է, որ այն ևս կդառնա քաղաքի սիրելի տոներից մեկը։

Փառատոնին մասնակցում էին 12 կազմակերպություններ՝ գարեջրի գործարաններ ու գարեջտատուն-ակումբներ։

«Ամառվա երեք ամիսներին քաղաքապետարանը «Երևանյան ամառ» ծրագրով բազմաթիվ միջոցառումներ է կազմակերպել: Գարեջրի փառատոնը, որպես զբոսաշրջային բաղադրիչ պարունակող փառատոն, ծրագրեցինք անցկացնել հենց օգոստոսին, երբ Երևանը լի է նաև մայրաքաղաքի հյուրերով։ Որպես Երևանի Գարեջրի փառատոն՝ կազմակերպությունների, մասնակիցների այսպիսի ներգավվածությամբ, բացօթյա այս փառատոնն առաջինն է ու նախաձեռնել ենք ամենամյա, ավանդական դարձնելու մտայնությամբ և, որպես գարեջրի պատրաստման 3000-ամյա վկայություն ունեցող քաղաք, լիիրավ ենք այն բրենդային փառատոն դարձնելու։ Ի դեպ, քաղաքապետարանի կազմակերպած Գարեջրի փառատոնի շեշտադրումը հայկական գարեջրի լավագույն ավանդույթների տարածումն է և ճանաչվածության խթանումը»,- ներկայացրել է Երևանի քաղաքապետարանի մշակույթի և տուրիզմի վարչության տուրիզմի բաժնի պետ, փառատոնի համակարգող Մարիա Բարաղամյանը։
Փառատոնի հինգ ժամերի ընթացքում ելույթ է ունեցել «Ալեքսանդրապոլ» նվագախումբը, որի ելույթներն ընդմիջվում էին աշխույժ ու բազմապիսի մրցույթներով, որոնք անցկացնում էին կազմակերպությունների տաղավարները՝ ներկաների մասնակցությամբ։ Կազմակերպությունների ներկայացուցիչների խոսքով՝ նախապատրաստել էին մրցանակների հեղեղ։ 

Մինչ «Երևանյան ամառ» ծրագրի ավարտը դեռևս 4 մեծ միջոցառում էլ է կայանալու։ «Երևանյան ամառ»-ը կավարտվի օգոստոսի 31-ին՝ դարձյալ Կարապի լճի հարակից տարածքում, եզրափակիչ մեծ համերգով։