Այսօր լրագրողների հետ հանդիպմանը «Բարև» շարժման ակտիվիստ Իզաբելլա Աբգարյանն անդրադարձավ Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլին, նշելով, որ սա ծայրահեղ քայլ է, քանի որ պարոն Հովհաննիսյանը զոհասեղանին է դնում իր կյանքը հանուն բոլորի գաղափարի. «Տեսնելով, որ մյուս կողմից որևէ կառուցողական քայլ չկա, պարոն Հովհաննիսյանը գնաց սրան: Մնում էր ընդամենը երկու բան անել, առաջինը ինչ ասում էին հրապարակում հավաքված մարդիկ՝ դուրս գալ գրոհի: Սակայն պարոն Հովհաննիսյանը ընտրեց երկրորդ տարբերակը`՝ չվտանգել մարդկանց  կյանքը և տանել դեպի բարիկադներ»:

Վերջինս նաև հույս հայտնեց, որ իշխանությունները կընկալեն այս քայլն ամբողջ լրջությամբ, քանի որ մարդկանց այլևս դժվար է լինելու կառավարել. «Այս պահից,  երբ նա նստեց հացադուլի, այլևս դժվար կլինի կառավարել մարդկանց քայլերը: Եթե սարը չի գնում Մուհամեդի մոտ, ապա Մուհամեդն է գնում դեպի սարը, այսօր հենց այդ վիճակն է:  Սարն արդեն շարժվել է, ժամանակը գնում է»:

  ՀՀԿ ներկայացուցիչ Ռուզաննա Մուրդյանի խոսքերով իրենք սպասում էին, որ Րաֆֆի Հովհաննիսյանը  քաղաքակիրթ ձևով ընդունելու է ընտրությունների արդյունքները և շնորհավորելու, ինչպես արեց ողջ աշխարհը: Իսկ ինչ վերաբերում է հացադուլին վերջինս նշեց, որ այդ քայլը ցանկալի չէր. «Գուցե սահմանադրական դատարանի վճռից հետո, գնար նման քայլի, որպեսզի տրամաբանությունը հասկացվեր, թե կոնկրետ ինչի համար է»:

Ապա նաև ավելացրեց, որ պետք էր  շարունակել բանակցությունների և երկխոսությունների ընթացքը: Մինչդեռ Իզաբելլա Աբգարյանը նշեց, որ բանակցություններ եղել են, բայց իրենք ստացել են «ոչ» որպես պատասխան,  ստացել են հեգնանք որոշ պաշտոնյաների կողմից, ծաղր և քննադատություն սոցիալական ցանցերում»:  

Ապա նաև հավելեց, որ ապրիլի 9­ին իրենք պատրաստվում են 1մլնի հասնող երթ անցկացնել: