Էբոլա վիրուսով հարուցված հիվանդությունը սուր, բարձր մահաբերությամբ հիվանդություն է, որը փոխանցվում է հիվանդ կենդանու կամ մարդու հետ անմիջական շփման արդյունքում (շփում արյան, օրգանիզմի հեղուկ արտազատուկների, ախտահարված օրգանների կամ շրջապատի առարկաների հետ):
Վիրուսի բնական պահոցը հատուկ տեսակի չղջիկներն են: Վիրուսը մարդկանց է փոխանցվում վայրի կենդանիներից՝ նրանց հետ սերտ արյունային կամ լորձային շփման կամ կենդանիների դիակների հետ շփման միջոցով:
Կաթնասուն կենդանիները, ինչպես և մարդիկ պատահական տերեր են: Առավել հաճախ հիվանդանում են կապիկները և խոզերը: Այնուհետև վարակը կարող է տարածվել մարդուց մարդու՝ արյան, օրգանիզմի հեղուկ արտազատուկների հետ անմիջական շփման կամ դրանցով աղտոտված առարկաների հետ շփման միջոցով, ինչպես նաև այս հիվանդությունից մահացածի դիակի հետ շփման ժամանակ:
Վիրուսի հիմնական ախտանիշներն են գլխացավը, արյունային փսխման զանգվածը, արյունային սուր փորլուծությունը, սուր մկանային ցավերը, աչքերից, քթից, լնդերից, ականջներից արյունահոսությունը, մարմնի ջերմությունը բարձրանում է մինչև 39–40 0, ավելի ուշ զարգանում է չոր հազ, և ծակող ծավեր կրծքվանդակի շրջանում:
Հիվանդությունը կարող է զարգանալ վարակվելուց հետո մինչև 21 օրվա ընթացքում, սակայն առավել հաճախ ախտանշանները զարգանում են վարակվելուց 8–10 օր հետո:
Վիրուսի կանխարգելման համար ՀՀ առողջապահության նախարարությունը խորհուրդ է տալիս խուսափել աֆրիկյան երկրներ մեկնելուց, աֆրիկյան երկրներ այցելելու դեպքում կիրառել դիմակներ, խուսափել զանգվածային միջոցառումներից, չշփվել բարձր ջերմություն ունեցող անձանց հետ, խստորեն պահպանել անհատական հիգիենան, հիվանդության ախտանշանների զարգանալու դեպքում անհապաղ դիմել բժշկի, խուսափել այլոց հետ շփվելուց, հնարավորության դեպքում՝ կրել դիմակ:


