«Մենք դատապարտված ենք Վրաստանի հետ համագործակցություն ծավալել: Չնայած նրան, որ Վրաստանն ընտրել է եվրաինտեգրման ճանապարհը՝ երկու երկրներն էլ Առևտրի համաշխարհային կազմակերպության անդամներ են, կարծում եմ, որ մենք Վրացիների հետ միասին կարող ենք օգուտ քաղել թե՛ մի միությունից թե՛ մյուսից»,- այս մասին այսօր հայտարարեց տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը լրագրողների հետ զրույցում:
Ըստ տնտեսագետի Վրաստանի և Հայաստանի միջև փոխշահավետ կապերը երկչոտ ձևով են իրականացվում:Հարաբերությունները զարգացնելու համար պարտադիր պայման է, որպեսզի նախարարները ճանաչեն իրենց վրացի գործընկերներին և սերտ հարաբերություններ ունենան:
«Վերին Լարսը մեր «Աքիլլեսյան գարշապարն է»: Երկար տարիներ սա խնդիր է եղել հայ գործատուների համար: Այս կառավարությունը համաձայնեց կառուցել այդ ճանապարհը և սա ես համարում եմ ձեռքբերում: Այս առումով վարչապետների հանդիպումներն արդյունավետ եղան»,- հավելեց հանրապետության գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը:
Հարևան պետությունների հետ մենք աշխատում ենք միայն ներմուծման ռեժիմով, այսինքն շատ քիչ տոկոսայնությամբ ապրանք է արտահանվում Հայաստանից: Պետք է փոփոխել այս վիճակագրությունը: Մենք պետք է Վրաստանի հետ առևտուրը դարձնենք լիարժեք, այսինքն թե ներմուծում լինի և թե արտահանում Հայաստանից: «Տուրիզմի տեսանկյունից պետք է օրինակ վերցնել Վրաստանից քանի որ նրանք վերջին տարիներին բավական մեծ առաջխաղացում ունեն այս ոլորտում»,- հավելեց Գագիկ Մակարյանը
Հանդիպմանն անդրադարձան նաև ՌԴ վարչապետի սպասվելիք այցին «Հայաստանը ռուսական բարձրաստիճան չինովնիկների այցի զոնայում է»:Մակարյանը նաև հնարավոր համարեց, որ Եվրոպան Ռուսաստանի նկատմամբ սանկցիաները ետ վերցնի: