Վրաստանը չի միանում Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցներին: Վրացական կառավարությունն այդ հարցով Եվրահանձնաժողովից պաշտոնական առաջարկություն չի ստացել: Այդ մասին, մեկնաբանելով Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Պիտեր Ստանոյի արտահայտությունները, հայտարարել է Վրաստանի գյուղատնտեսության նախարար Օտար Դամենիան, հաղորդում է gazeta.ru-ն:

«Մենք հաշվի կառնենք միայն պաշտոնական հայտարարություններն ու Վրաստանի կառավարությանն ուղարկված դիմումները, իսկ նման դիմում չի եղել»,- ասել է գյուղատնտեսության նախարարը:

Ավելի վաղ Դամենիան հաղորդել էր այն մասին, որ Վրաստանից Ռուսաստան արտահանվող սննդամթերքը կարող է համալրվել ձկով, գառան մսով և մեղրով: «Ռուսաստան ավելի շատ մթերք մատակարարելու» Վրաստանի պատրաստակամության մասին հայտարարել էր նաև Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին: