Ադրբեջանը փակել է դեպի Թբիլիսի տանող վրաց-ադրբեջանական սահմանը: Արդեն չորրորդ օրն է Ադրբեջանի հետ Վրաստանի սահմանին մեքենաների մեծ կուտակում է դիտվում: Տվյալ պահին խցանման երկարությունը հինգ կմ է, հայտնում է «Նովոստի Ադրբեջան» գործակալությունը: Որոշ մեքենաներ արդեն երկրորդ օրն է հերթի մեջ են:

Ըստ Վրաստանի սահմանապահ ծառայության աշխատակիցների` խնդիրը պետք է որոնել Ադրբեջանի անցակետում: Ադրբեջանի սահմանապահ և մաքսային ծառայությունները ներկայումս զերծ են մնում մեկնաբանություններից:

Վրացական մամուլը հայտնում է, որ անցյալ շաբաթ սողանքի հետևանքով Ռազմավիրական ճանապարհը փակելուց հետո, շատ մեքենաներ փորձում են Վրաստանից Ռուսաստան մեկնել Ադրբեջանով, որը կտրուկ ավելացրել է անցակետերի ծանրաբեռնվածությունը: Ռուսաստանի ուղղությամբ Ռազմավիրական ճանապարհը, ըստ մասնագետների, փակ կլինի ևս 10 օր:

Միաժամանակ ադրբեջանա-վրացական սահմանին ուժի մեջ են մտել Ադրբեջան այն մեքենաների մուտքը սահմանափակող օրենքները, որոնք չեն համապատասխանում «Եվրո-4» չափորոշիչներին: Եթե մեքենան չի համապատասխանում չափորոշիչներին, դրա տերը սահմանն անցնելուց առաջ պետք է որոշակի գումար վճարի կամ էլ ունենա Ադրբեջանի քաղաքացու երաշխավորությունը, որ վերջինիս մոտ հյուր է մեկնում և շուտով լքելու է երկիրը: