Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Վարդան Ստեփանյանի նախագահությամբ, ոստիկանության զորքերում նախկին պայմանագրային զինծառայող Սևակ Վարդանյանին ապօրինի ռազմամթերք պահելու համար դատապարտել է ու ազատազրկել 6 ամիս ժամկետով:

Նախաքննությամբ պարզվել է, որ Ս. Վարդանյանը ապօրինի կերպով ձեռք է բերել և Կոտայքի մարզի Բջնի գյուղի իր տանը պահել ռազմամթերք հանդիսացող 7,62մմ տրամաչափի 80 հրացանային մարտական, 5,45մմ տրամաչափի մեկ և 7,62 մմ տրամաչափի 15 որսորդական ակոսափող զենքերից կրակելու համար նախատեսված փամփուշտներ: Նախաքննության մարմնի որոշմամբ՝ Ս.Վարդանյանը ներգրավվել է որպես մեղադրյալ և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով:

Ամբաստանյալն առաջադրված մեղադրանքում իրեն լիովին մեղավոր է ճանաչել և մինչ դատաքննությունը սկսվելը միջնորդել է այն անցկացնել արագացված կարգով,-գրում է Փաստինֆոն:

Դատարանի վճռով Սևակ Վարդանյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվի՝ սահմանվելով նրա նկատմամբ փորձաշրջան 1 տարի ժամկետով: Իսկ նրա վարքագծի նկատմամբ վերահսկողությունը կդրվի ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության այլընտրանքային պատիժների կատարման բաժնի տարածքային ստորաբաժանման վրա: