Օգոստոսի 27-ին՝ ժամը 19:00-ին, Կամերային երաժշտության տանը տեղի կունենա համերգ-միջոցառում «Կոմիտաս. վերապրում» խորագրով՝ նվիրված Կոմիտասի ծննդյան 145-ամյակին: Համերգին ընդառաջ այսօր համատեղ մամուլի ասուլիսով հանդես եկան հայ ստեղծագործող Վահան Արծրունին և կոմպոզիտոր, դիրիժոր Գրիգոր Առաքելյանը:
«Համերգը շատ յուրահատուկ է լինելու: Սովորաբար մեր բոլոր դասական երգչախմբերն, անշուշտ, կատարում են Կոմիտաս, բայց Կոմիտասն այդ դեպքում ավելի շատ ներկայանում է որպես կոմպոզիտոր: Իսկ մենք այս համերգի ընթացքում փորձելու ենք կոմիտասյան մոտեցումը, մտածողությունը մատուցել մարդկանց, քանի որ Կոմիտասը մեզ համար ոչ միայն կոմպոզիտոր է կամ երաժշտագետ, այլև մտածելակերպ՝ ինչպես մոտենալ ավանդական երաժշտությանը նույնիսկ ոչ հայ երաժշտության ոլորտում: Այս համերգը Կոմիտասի վերապրում է, թե ինչպես այսօրվա մտավորականը, երաժիշտը կարող է վերապրել Կոմիտասին և ինչ կստացվի դրա արդյունքում՝ սա է համերգի հիմնական շեշտը»,- ասաց Գրիգոր Առաքելյանը:
Վահան Արծրունին էլ հավելեց, թե իրենց համար կարևոր է ժամանակները միամյան «կապելը», որն արվեստի առաքելությունն է. «Այս պարագայում մենք ժամանակները կապել ենք նույնիսկ նվագարանների առումով: Օրինակ՝ դուդուկը հայկական ավանդական հնագույն նվագարաններից մեկն է, իսկ դրա հետ մեկտեղ Գրիգոր Առաքելյանը հայկական վիոլա է նվագում, որը նորաստեղծ նվագարան է և որը միայն Գրիգորն է նվագում աշխարհում, այսինքն՝ միջնադարյանն ու ժամանակակից դասականը միմյանց են կապվել այս դեպքում: Կարծում եմ ՝ սա հետաքրքիր կլինի ոչ միայն մեզ համար՝ որպես երաժիշտների, այլև ունկնդրի, քանի որ գաղափարների նման համադրում, գեղագիտական նման մոտեցում որևէ այլ համերգային ծրագրի շրջանակում կամ այլ բեմում չեք տեսնի: Սա մեզ համար խոնարհում է Կոմիտաս էության առաջ, սա մեր նվիրումն է Կոմիտասի 145-ամյակին և սա Կոմիտասի մեր վերապրումն է»:
Համերգը բաժանված կլինի երկու մասի, որոնք միմյանցից տարբերվում են թե՛ ոճական և թե՛ ժանրային առումներով. «Սովորաբար ընդունված չէ մեկ համերգի ընթացքում այս տեսակի համագործակցությունը, բայց մեր նպատակն է հենց այդ տարբերությունը ցույց տալ՝ ներշնչված Կոմիտասի արվեստից: Առաջին բաժնում կլինի հայ միջնադար և Կոմիտաս՝ հին մշակումներով և մենակատարների մասնակցությամբ, իսկ երկրորդ բաժնում այս նույն կազմը միանում է Վահանին և նրա երգերին»,-ասաց Գ. Առաքելյանը:
Համերգին իրենց մասնակցությունը կունենան նաև մեներգչուհի Հասմիկ Բաղդասարյանը, դուդուկահար Էմանուել Հովհաննիսյանը, ֆլեյտահարուհի Նելլի Մանուկյանը, «Les Violons d’Armenie» լարային հնգյակը: