Նոյեմբերի 5-ի գործով դատական հերթական նիստը տեղի ունեցավ այսօր՝ օգոստոսի 27-ին: Նիստի ժամանակ ամբաստանյալ Արմեն Հովհաննիսյանի պաշտպան Արա Զաքարյանը միջնորդություն ներկայացրեց՝ իր պաշտպանյալի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց փոխարինելու համար՝ ընդծելով, որ որևէ հիմք չկա իր պաշտպանյալին կալանքի տակ պահելու համար:
«Արմեն Հովհաննիսյանը կալանավորվել է այն բանից հետո, որ ոստիկան Գեղամ Խաչատրյանը իր ցուցմունքում նշել էր, որ պաշտպանյալս հրել է ոստիկաններից երկուսին և ցավ պատճառել նրանց: Այդ ոստիկաններից Արա Մարտիրոսյանը դատարանում նշեց, որ չի հիշում, թե իրեն ով է հրել: Գեղամ Խաչատրյանն էլ ասաց, որ դեպքի ժամանակ իրեն հրել է Արմեն Հովհաննիսյանը ու տեսել է, որ հրում է Արա Մարտիրոսյանին, վերջինս հետ-հետ է գնացել ու կորցրել հավասարակշռությունը, երկուսն էլ ասացին, որ տեսանյութերում այդ պահը արձանագրված չէ: Սակայն դատարանում պարզվեց, որ Արա Մարտիրոսյանին հրել է միայն Տիգրան Պետրոսյանը: Գործով տուժող Գեղամ Խաչատրյանի ցուցմունքը չի կարելի համարել ապացույց ու օգտագործել որպես փաստական տվյալ ընդդեմ Արմեն Հովհաննիսյանի»,- ասաց նա:
Արա Զաքարյանը խափանման միջոցը փոխարինելու երկու տարբերակ առաջարկեց՝ կամ ստորագրությամբ ազատ արձակելով, կամ 500 հազ. դրամ գրավի դիմաց:
Մեղադրող Գևորգ Գևորգյանը առարկեց միջնորդությունը՝ նշելով, որ դեռևս բավարար հիմքեր կան ենթադրելու, որ Արմեն Հովհաննիսյանը կարող է խոչընդոտել գործի օբյեկտիվ քննությանը: Դատարանը միջնորդությունն ամբողջությամբ մերժեց:
Նշենք նաև, որ դատական այս նիստի ընթացքում ամբաստանյալները անձնական բնութագրերը ներկայացրին դատարանին: Ամբաստանյալ Հայկ Հարությունյանը նշեց, որ Արցախյան պատերազմի ժամանակ ինքը մասնակցել է սահմանամերձ տարածքների ազատագրմանը, սակայն իր մասնակցության վերաբերյալ որևէ փաստաթուղթ չի պահպանվել և միջնորդություն ներկայացրեց դատարանին՝ հրավիրել իր գումարտակի ծառայակիցներին, որոնք կփաստեն պատերազմին իր ցուցաբերած մասնակցության վերաբերյալ: Ամբաստանյալներից Վարդան Վարանյանը, ով երկար տարիներ ծառայել է Զինված ուժերում հավաստիացրեց դատարանին, որ Հայկ Հարությունյանը Արցախյան ազատամարտի մասնակից է և միջնորդությունը մերժվեց՝ գործի հետ առնչություն չունենալու համար:
Հիշեցնենք, որ «Ազգային միացյալ նախաձեռնության» ղեկավար Շանթ Հարությունյանը 2013թ. նոյեմբերի 5-ին հարյուր աջակիցների հետ Գայ Ֆոքսի դիմակներով «Անոնիմուսների երթ» էր սկսել դեպի նախագահի նստավայր։ Սակայն ոստիկանները Մաշտոցի պողոտայում կասեցրել էին երթը և բերման էին ենթարկել 38 ակտիվիստների, այդ թվում՝ Շանթ Հարությունյանին և նրա որդուն։ Բախումների հետևանքով տուժել էր 16 մարդ, այդ թվում՝ ութ ոստիկան: Նրան առաջադրված մեղադրանքը վերաորակվել է և մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով՝ զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ խուլիգանությունը: