«Եթե մի օր որոշեմ թողնել բռնցքամարտը և լքել ռինգը, ապա դա կլինի միայն աշխարհի չեմպիոնի տիտղոսով»,- այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց պրոֆեսիոնալ բռնցքամարտի թեթևագույն քաշային կարգում WBA վարկածով աշխարհի չեմպիոն Սյուզի Կենտիկյանը, ով այս օրերին Երևանում է:
Սյուզի Կենտիկյանը Հայաստան է ժամանել ընտանիքի անդամների հետ հանգստանալու նպատակով: Օգոստոսի 27-ին աշխարհի չեմպիոնին ընդունել է Հայաստանի սպորտի նախարար Գաբրիել Ղազարյանը, իսկ հետո բռնցքամարտիկը հանդիպեց լրագրողների հետ:
«Արդեն մի քանի օր է հայրենիքում եմ: Շատ կարոտել էի Երևանը: Վերջին անգամ Հայաստան եկել էի չորս տարի առաջ: Շատ լավ ու հաճելի հանդիպումներ եմ ունեցել ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի, սպորտի նախարար Գաբրիել Ղազարյանի, սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի հետ: Շատ զգացված եմ բոլոր այդ հանդիպումներից, քանի որ արժանացել եմ ջերմ ընդունելության»:
«Գերմանիայում ունեմ շատ կարևոր մի գործ: Իմ մասին նկարահանվելու է ֆիլմ գերմանական ինտերնետային առաջատար կայքերից մեկի նախաձեռնությամբ: Այդ ֆիլմը պատմելու է իմ՝ Հայաստան այցելության, իմ հանդիպումների մասին, ներկայացվելու է, թե ինչպես են ինձ ընդունում սիրում և հայրենիքում: 20 օրից այդ ֆիլմը կցուցադրվի համացանցում: Ինձ համար դա մեծ պատիվ է, որ ամբողջ Գերմանիան նորից լսելու է իմ ու հայկական արմատներիս մասին, ամբողջ Գերմանիայում հնչելու է իմ անունը և հայկական ազգանունը»,- ասաց Սյուզի Կենտիկյանը:
«Մեծ սիրով կցանկանայի տեղափոխվել Հայաստան, եթե այն ամենն ինչ անում եմ Գերմանիայում, հնարավորություն ունենայի իրականացնել հայրենիքում: Մեծ ցանկություն ունեմ այստեղ անցկացնել իմ մենամարտերից մեկը, բայց դա մի փոքր բարդ է, քանի որ դեռ հայկական կողմից չկա առաջարկ: Եթե Հայաստանում մենամարտեմ ոչ գերմանական կողմի նախաձեռնությամբ, ես հանդես կգամ Հայաստանի դրոշի ներքո»:
«Ինչ վերաբերում է Հայաստանի հետ կապված ծրագրերիս, ապա նպատակ ունեմ 2015-ին Հայաստանում բացել բռնցքամարտի կանանց մարզադպրոց»: