«Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի նախկին աշխատակիցներին ամեն օր կարելի է տեսնել համալիրի շրջակայքում։ Նրանք հավաքվում են, քննարկում, թե ումից պահանջեն իրենց աշխատավարձերը գրում է օրաթերթը։ «Հիմա մենք ումի՞ց պահանջենք մեր աշխատավարձերը: Պետությո՞ւնն է վճարելու, նախկին տերե՞րը, թե՞ նոր սեփականատերերը: Թե՞ մենք էլ ընկնելու ենք դատարանի դռները, որ մեր մի կոպեկ աշխատավարձն ստանանք»,- ասաց խմբագրություն զանգահարած համալիրի նախկին աշխատակից Արամայիս Հակոբյանը։
Նրա խոսքով, եթե իրենք նման խնդրի առջև էին կանգնելու և այլևս չէին աշխատելու, ապա պետք է իրենց նախօրոք տեղյակ պահեին այդ մասին։ «Մենք ընտանիքի տեր մարդիկ ենք, մեզանից յուրաքանչյուրն իր հոգսն ունի, հենա՝ երեխեքս նստած, աչքերիս են նայում. սեպտեմբերը եկել ա, փող չունենք, որ երեխեքին դպրոց ուղարկենք»,- ասաց Հակոբյանը։
Ընդհանուր առմամբ, համալիրն աշխատակիցներին պարտք է 100 միլիոն դրամ: «5 ամիս աշխատավարձ չեմ ստացել, մարդ կա՝ 7 ամիս չի ստացել, էն ժամանակվանից, երբ գումարային խնդիրներ ուներ, մենք արդեն նորմալ աշխատավարձ չէինք ստանում»,-ասաց Արամայիսը։ Համալիրի տնօրինությունն աշխատավարձ վճարել չի կարող, բոլոր հաշիվները սառեցված են, իսկ կառավարությունն այս խնդիրն իր վրա չի վերցնում։
Մանրամասն տեղեկություններ կարող եք ստանալ օրաթերթից:


