Կանադայի խորհրդարանի նախկին պատգամավոր Ջիմ Կարիգիաննիսը անկախության տոնի առթիվ շնորհավորել է Լեռնային Ղարաբաղի ժողովրդին:

Շնորհավորական ուղերձում, մասնավորապես, նշվում է.

«Ես կցանկանայի օգտվել այս հնարավորությունից և լավագույն ցանկություններս հայտնել Կանադայի հայ համանքի անդամներին և Լեռնային Ղարաբաղի (Արցախ) ժողովրդին Լեռնային Ղարաբաղի (Արցախ) անկախության օրվա կապակցությամբ:

1991թ. դեկտեմբերի 10-ին, Խորհրդային Միության պաշտոնական փլուզումից մի քանի օր առաջ Լեռնային Ղարաբաղում անկախության հանրաքվե անցկացվեց: Արցախի բնակչության մեծամասնությունը քվեարկեց անկախության օգտին:

Արցախի ժողովուրդը սեպտեմբերի 2-ը համարում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման օր: Այդ օրը պետական տոն է:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը դե ֆակտո անկախ, ժողովրդավարական և լիովին գործառող պետություն է՝ բարգավաճող շուկայական տնտեսությամբ և դինամիկ զարգացող քաղաքացիական հասարակությամբ, որը ձգտում է իր ազատությունների ամրապնդմանն ու իր անկախության պաշտոնական ճանաչմանը:

Այդ տարածքը նախկինի պես հակամարտության գոտի է: 2014թ. ամռանը ադրբեջանա-ղարաբաղյան սահմանին ծագած մահացու ընդհարումները երիտասարդ հայերի և ադրբեջանցիների կյանքեր խլեցին: ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից մինչ օրս չի հաջողվել գտնել հակամարտության խաղաղ կարգավորման ուղիներ, իսկ ժամանակավոր, թեև շատ փխրուն հրադադարը, կողմերի համար ավելի էական ու երկարաժամկետ խաղաղ կարգավորումը մշտապես ձգձգելու պայմաններ է ստեղծել: Ես կարծում եմ, որ ժամանակն է, որպեսզի միջազգային հանրությունը երկու կողմերին կոչ անի վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ և լուծում գտնել: Միջազգային հանրությունը նաև պետք է պատասխանատվության կոչ անի Ադրբեջանին խաղաղ բանակցությունների վերջին ձախողումների համար:

2012թ. հուլիսին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում նախագահական ընտրությունների ժամանակ ես գլխավորել եմ կանադական դիտորդական թիմը: Դրանք սկբից մինչև վերջ կատարյալ ընտրություններ էին: Ես նաև հանդիպել եմ կառավարության ներկայացուցիչների, Լեռնային Ղարաբաղի բնակիչների, կանադական սփյուռքի անդամների հետ, որոնք այցով գտվում էին Ղարաբաղում և ավելի լավ էին տեղեկացված Արցախի առջև կանգնած խնդիրներին»: