Գյումրիի կենտրոնական հրապարակը հատկապես ցերեկային ժամերին գերհագեցված է մեքենաներով, մասնավորապես տաքսիներով: Այս մասին հաղորդում է «Շիրակ Կենտրոնը»:
Հրապարակի ամբողջ տարածքով սփռված են տաքսի ծառայությունների վճարովի կանգառներ, մինչդեռ կանաչ տարածքների և զբոսայգիների խիստ պահանջ ունեցող քաղաքի բնակչության զբոսնելու միակ վայրը գոնե պետք է զերծ պահվեր վճարովի ավտոկանգառներից: Քաղաքային նախորդ իշխանության օրոք ինչպես Գյումրիի ամբողջ կենտրոնական մասի, այնպես էլ հրապարակի մայթեզրերին մոտ տարածքները երկարաժամկետ՝ 99 տարով, վճարովի ավտոկանգառ կազմակերպելու նպատակով վարձակալության են տրվել ինչ-որ կազմակերպության: Տեղական ներկայիս իշխանությունը առնվազն համայնքի շահերից չբխող այդ պայմանագրերը դատական կարգով լուծարելու գործընթաց է սկսել, և դեռ ավելին՝ քաղաքապետարանի հայցը բավարարվել է առաջին ատյանի և վերաքննիչ դատարաններում:
Այդքանից հետո թվում էր, թե խնդիրը պետք է լուծվեր, սակայն օրերս պարզվել է, որ քաղաքապետարանի օգտին կայացրած վճիռների դեմ՝ վճարովի կանգառների ծառայություններ մատուցող կազմակերպության բողոքն ընդունվել է վճռաբեկ դատարանի վարույթ: Իսկ այդ փաստը, ամենայն հավանականությամբ, «ինչ-որ բան նշանակում է», ինչից կարելի է եզրակացնել, որ դժվար թե գյումրեցիները մոտ ապագայում ևս կարողանան ազատ ու հանգիստ զբոսնել կենտրոնական հրապարակում:


