Սիսյանի Շաղատ գյուղի Սուրբ Գևորգ եկեղեցին վերակառուցվել է: Բարեգործ Գագիկ Խաչատրյանը և Շաղատ գյուղի բարեպաշտ բնակիչները մեծ ներդրում են ունեցել եկեղեցու վերակառուցման գործում: Նկարիչ Արման Խաչիկյանը հարդարման վերջին աշխատանքներն է կատարում. նոր որմնանկարներ ու քանդակներ է արել: Գործին ամենայն պատասխանատվությամբ է մոտենում: Մնայուն արժեքներ ստեղծելով՝ դարերին ենք հանձնում՝ ասել է նկարիչը:
Սուրբ Երեմիա մարգարեի հիշատակման օրը՝ օգոստոսի 28-ին, տեղի ունեցավ եկեղեցու վերաօծման արարողությունը, որը կատարեց Սյունյաց թեմի առաջնորդական տեղապահ Տեր Մակար Վարդապետ Հակոբյանը: Վերաօծմանը ներկա էին Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը, Սիսիանի քաղաքապետ Աղասի Հակոբջանյանը և այլ պաշտոնյաներ:
Սուրբ Գևորգ եկեղեցին կառուցվել էր 1840թ-ին: Եկեղեցում մեկ տարի առաջ են սկսվել վերանորոգման աշխատանքները: Այն գտնվում էր փլուզման եզրին: Խարխլված տանիքից ջրերն անարգել ներս լցվելով՝ հավատի տան պատերին և առաստաղին ճաքերի առաջացման պատճառ էին դարձել:
Հիմա եկեղեցին այլ տեսք ունի: