Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ Հայաստանի Հանրապետությունը մեղմ ասած կատարյալ չէ ոչ մի հարցում: Եվ սա վերաբերվում է գործունեության բոլոր ոլորտներին: Թերություններից զերծ չէ նաև տնտեսության ոլորտը, մասնավորապես՝ բանկային համակարգը: Իհարկե թերությունների և բացթողումների առկայությունը բնական երևույթ է, սակայն ամեն ինչ «չափ ու սահման» պետք է ունենա:
ՀՀ բանկային համակարգը ամբողջությամբ և յուրաքանչյուր բանկ, որպես առանձին տարր գտնվում է բարձիթողի վիճակում: Այսինքն՝ տպավորություն է ստեղծվում, որ ոչ ոք չի զբաղվում ո՛չ բանկի ներսում, ո՛չ բանկից դուրս աշխատանքների վերահսկմամբ և կանոնակարգմամբ: Կամ միգուցե զբաղվում է, բայց ոչ արդյունավետ կերպով ու ամենացավալին այն է որ տպավորություն է ստեղծվում այս ամենի դիտավորությամբ կատարելու մասին:
Անսահման հերթերը դարձել են բանկերի մշտական ուղեկիցը: Հետևյալ տեսարանին մշտապես կարելի է ականատես լինել, երբ բանկերում հաճախորդների բազմությունը հոգնած և դժգոհ դեմքերով սպասում է մինչ նույն հոգնած և դժգոհ դեմքերով աշխատակիցը սպասարկի իրենց:
Այս ամենը թեև ճշմարտություն է, բայց մի փոքր վերացական: Ցուցադրելու համար կոնկրետ օրինակ ներկայացնենք այսօր ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ բանկի (ACBA-Credit Agricole) «Նոր Նորք» մասնաճյուղում տեղի ունեցած դեպքը: Մոտ մեկ ժամ աշխատակիցները չէին կարողանում սպասարկել հավաքված մարդկանց հոսանքազրկման պատճառով: Այսինքն բանկի հոսանքի պահուստային գեներատորները չէին գործում կամ անսարք էին, ինչի պատճառով էլ մարդիկ, որոնք իրենց աշխատանքային ժամի հաշվին բանկում գործարքներ էին իրականացնում, մնացին ուղղակի անելանելի վիճակում: Սպասել թե...
Փաստորեն իսկապես ՀՀ բանկային համակարգը և յուրաքանչյուր բանկ, որպես առանձին տարր անտարբեր է իր իսկ հաճախորդի նկատմամբ: Ընդհամենը հոսանքազրկումը կարող է պատճառ հանդիսանալ մեկ ժամ տևող անգործության: Անհրաժեշտ է այս ուղղությամբ ցուցաբերել մի փոքր ավելի պատասխանատու վերաբերմունք, քանի որ բանկը չաշխատեց մեկ ժամ և դրանով իսկ «ստիպեց» չաշխատել բազմաթիվ մարդկանց: