Հայաստանում սելեկտիվ աբորտների հիմնական խնդիրը հասարակության` այն որպես խնդիր չընկալելն է: Այս կարծիքը լրագրողների հետ հանդիպման ժամանակ արտահայտել է մեդիա փորձագետ Սամվել Մարտիրոսյանը:
Նրա խոսքով՝ ՄԱԿ-ը և կառավարությունը տարիներ շարունակ փորձում էին ուշադրություն գրավել դեպի այս խնդիրը՝ քննարկումներ անցկացնելով և վիճակագրական թվեր հրապարակելով, սակայն բոլոր այդ թվերն ու հայտարարությունները միջին վիճակագրական մարդու համար տպավորիչ չէին և շատ փոքր ազդեցություն էին ունենում: Շատ ավելի մեծ աղմուկ բարձրացրեց «Իսկ դու ունե՞ս աղջիկ» ֆեյսբուքյան ֆլեշմոբը` նույնպես ուղղված սելեկտիվ աբորտների դեմ:
Ինչպես նշեց Սամվել Մարտիրոսյանը, հայալեզու համացանցում այսպիսի ակտիվորեն քննարկվող թեմաներ վաղուց չէին եղել:
Մեդիա փորձագետի կարծիքով՝ այդպիսի ուշադրության պատճառն այն է, որ այն խնդիրը դեմոգրաֆիական-վիճակագրական հարթությունից տեղափոխել է էմոցիոնալ հարթություն եւ ավելի հասանելի է դարձել ավելի լայն զանգվածներին:
Հիմա, սակայն, կարևորն այն է, թե ինչպես է կարելի շարունակել այս նախաձեռնությունը:
Սամվել Մարտիրոսյանը հիշեցրեց նաև, որ կան երկրներ, որտեղ աբորտների խնդիրը բոլորովին այլ մակարդակի վրա են փորձում լուծել: Օրինակ, Իռլանդիայում աբորտները արգելված են եկեղեցու կողմից, իսկ եկեղեցու ազդեցությունը բավական մեծ է: Իսկ ԱՄՆ-ում Հանրապետական և Դեմոկրատական կուսակությունների ամենամեծ տարբերություններից մեկը հենց աբորտների թեման է, որը շատ է հետաքրքրում և հուզում այս կուսակցությունների ընտրազանգվածին:


