Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն անհայտ կորածների միջազգային օրվա կապակցությամբ ուղերձ է հղել և զորակցություն հայտնել նրանց ընտանիքների անդամներին։ Ուղերձում մասնավորապես ասված է.
«Արցախյան ազատամարտը մեզ համար այն սրբագույն պայքարն էր, որով կարողացանք պահպանել մեր ժողովրդի արժանապատվությունը: Ցավոք, պատերազմում ունեցել ենք անդառնալի կորուստներ, եղել են նաև անհայտ կորածներ, որոնց ճակատագիրը մինչ այսօր անհայտության մեջ է: Այսօր` անհայտ կորածների միջազգային օրվա կապակցությամբ հերթական անգամ հիշում ենք նրանց և մեր զորակցությունը հայտնում անհայտ կորածների ընտանիքների անդամներին:
Տարիներ առաջ` ստեղծելով Հայաստանի անհայտ կորածների, գերիների և պատանդների հարցերով միջգերատեսչական հանձնաժողովը, մեր պետությունը միջազգային կազմակերպությունների միջոցով հետևողական աշխատանք է տանում, որպեսզի անհայտ կորածների ճակատագրերը պարզորոշ դառնան, և ապահովվի ողջ մնացածների վերադարձը հայրենիք: 
Որպես այդ հանձնաժողովի նախագահ` ես առավել շահագրգռված եմ, որ վերջ դրվի տարիներ շարունակ ձգձգվող անհայտ կորածների և նրանց ընտանիքների անդադար տառապանքներին: Հավաստիացնում եմ, որ, կիրառելով միջազգային ատյանների հետ համագործակցության բոլոր ուղղությունները, մենք հայրենիք կվերադարձնենք օտարության մեջ ընտանիքների կարոտով ապրող մեր որդիներին:
Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի Հայաստանի գրասենյակի տվյալներով` Ղարաբաղյան համակարտության արդյունքում մեզ մոտ գրանցվել է ավելի քան 400 անհայտ կորած մարդ: Դեռ 1992թ.-ից Հայաստանի Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեն սերտ համագործակցում է հայաստանյան իշխանությունների, մասնավորապես` պաշտպանության նախարարության հետ՝ անհայտ կորած անձանց ճակատագրերը պարզելու և նրանց ընտանիքների կարիքները հոգալու նպատակով։
Մենք մշտապես մտահոգված ենք անհայտ կորածների և նրանց ընտանիքների անտեսված չլինելու կարևոր խնդրով, որը պետք է լինի բոլորիս ուշադրության կենտրոնում: 
Սփոփում, մխիթարանք և համբերություն եմ մաղթում բոլոր անհայտ կորածների ընտանիքների անդամներին, վստահեցնելով, որ մեր հետևողական աշխատանքի շնորհիվ, այլևս չենք արտաբերի «անհայտ կորած» եզրույթը»:



 
										
										 
										
										 
										
										 
					






 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
		 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 «Եղել են ինձ ճնշելու փորձեր, բայց ռեկտորը հասկացել է, որ դա վատ հետեւանքներ կունենա ԵՊՀ–ի համար». Արայիկ Հարությունյան
										«Եղել են ինձ ճնշելու փորձեր, բայց ռեկտորը հասկացել է, որ դա վատ հետեւանքներ կունենա ԵՊՀ–ի համար». Արայիկ Հարությունյան				 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
				 
				 
				 
				 
				 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					