Արցախի Հանրապետության վարչապետ Արա Հարությունյանն օգոստոսի 30-ին ընդունել է ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանին: Հանդիպման ընթացքում քննարկվել են ֆինանսատնտեսական մի շարք հարցեր: Կողմերը պայմանավորվածություններ են ձեռք բերել որոշ ծրագրերի մանրամասների վերաբերյալ: Այս մասին հայտնում է ԼՂՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:
Վարչապետը ողջունել է Ա. Ջավադյանին և գոհունակություն հայտնել ԼՂՀ կառավարության և ՀՀ կենտրոնական բանկի միջև առկա համագործակցության մակարդակից: Նա համոզմունք է հայտնել, որ իրագործվող ծրագրերը խթան կհանդիսանան ԼՂՀ տնտեսության զարգացմանը: ՀՀ կենտրոնական բանկի նախագահն իր հերթին բարձր է գնահատել համագործակցության աստիճանը և պատրաստակամություն հայտնել հնարավորինս աջակցելու Արցախի ֆինանսաբանկային ոլորտի զարգացման գործին: