Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն (ԿՀԻԿ) հիմնադրամը տեղեկացնում է, որ կուտակային բաղադրիչի մասնակիցների անհատական կենսաթոշակային հաշիվներում արդեն հասանելի է 2014 թ. հունվարի 1-ից մինչեւ հուլիսի 1-ը մասնակիցների կատարած պարտադիր կուտակային վճարները անկանխիկ եղանակով ստանալու մասին դիմումի ձևը:
Քաղաքացիները դիմումները կարող են ներկայացնել արդեն այսօրվանից` սեպտեմբերի 1-ից սկսած մինչև այս տարվա դեկտեմբերի 25-ը: Պարտադիր կուտակային հատկացումների հաշվին ձեռք բերված փայերի մարման և գումարների վերադարձի գործընթացը կիրականացվի 2015 թ. հունվարի 1-ից հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածում:
Դիմումները հնարավոր է ներկայացնել` www.epension.am կայքում մուտք գործելով ԻՄ ՀԱՇԻՎԸ համակարգ կամ այցելելով հաշվի օպերատորներից որևէ մեկին` ներկայացնելով անձնագիր և հանրային ծառայությունների համարանիշ, կամ միայն նույնականացման քարտ:
Դիմումը ներկայացնելիս մասնակիցը տեղեկացվում է, որ կենսաթոշակային ֆոնդի փայերի մարման ժամանակ կարող է գանձվել առավելագույնը 2 % մարման վճար:
Հիշեցնում ենք, որ վերադարձվում են միայն մասնակցի կատարած պարտադիր կուտակային հատկացումները:
Պետական համաֆինանսավորման գումարը մնում է անձի անհատական կենսաթոշակային հաշվին և շարունակում կառավարվել նրա օգտին, եթե անձը շարունակում է մասնակցությունը կուտակային բաղադրիչին:
Եթե մասնակիցը ներկայացրել է սոցիալական վճարի պարտականությունից հրաժարվելու դիմում, ապա մինչև հուլիսի 1-ը նրա օգտին պետության կատարած հատկացումները փոխանցվում են պետական բյուջե:
Դիմումների ներկայացման ընթացակարգերի վերաբերյալ մանրամասն տեղեկություններ կարելի է ստանալ` զանգահարելով 114 անվճար թեժ գծին: