Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը հրապարակել է այն ֆուտբոլիստների ցուցակը, ովքեր Ֆրանսիայի Վալանս քաղաքում պետք է մասնակցեն փետրվարի 5-ին կայանալիք Հայաստան-Լյուքսեմբուրգ ընկերական հանդիպման մարզական հավաքին: Հրավիրվածների թվում է նաև հոլանդական «Էմմենի» ֆուտբոլիստ Նորայր Ասլանյանը, ով առաջին անգամ է մասնակցելու Հայաստանի ազգային հավաքականի մարզական հավաքին եւ առաջին անգամ է կրելու Հայաստանի ազգային հավաքականի մարզաշապիկը:
ՀՖՖ պաշտոնական կայքի հետ զրույցում 21-ամյա ֆուտբոլիստը խոսել է ազգային հավաքական հրավիրվելու հետ կապված իր զգացողությունների և առաջիկա խաղից սպասելիքների մասին.
- Նորայր, ի՞նչ զգացողություններ ունեցար, երբ իմացար, որ քեզ հրավիրել են Հայաստանի ազգային հավաքական
- Շատ դժվար է բառերով նկարագրել, թե ինչ եմ զգում այս պահին: Ես միշտ երազել եմ խաղալ Հայաստանի ազգային հավաքականում, և երբ ստացվեց հրավերը, սկզբից նույնիսկ չէի հավատում: Բայց հիմա արդեն գիտակցում եմ, որ սա իրականություն է:
- Քո ակումբում ինչպե՞ս ընդունեցին այն լուրը, որ քեզ հրավիրել են Հայաստանի հավաքական:
- Ակումբում շատ լավ ընդունեցին այդ փաստը: Մեր խաղացողների մեծ մասը հոլանդացիներ են, և, ինքներդ էլ հասկանում եք, նրանց համար շատ դժվար է Հոլանդիայի հավաքականում խաղալու հույս ունենալ: Մեր ակումբում հպարտ են, որ ունեն թեկուզ այլ երկրի ազգային հավաքականի թեկնածու:
- Ո՞րն է քո նախընտրած դիրքը խաղադաշտում
- Եթե փորձեմ կարճ ձևակերպել, ես ինձ համարում եմ հարձակողական ոճի կիսապաշտպան, կամ ետ քաշված հարձակվող: Իսկ ընդհանրապես պատրաստ եմ խաղալ այնտեղ, որտեղ կարող եմ առավելագույն օգուտ բերել թիմին: