ՀՀ կրթության և գիտության նախարարության և Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփնի Արմենիա ՓԲԸ-ի հովանու ներքո, Դպրոցականների Հանրապետական մարզական Ֆեդերացիայի (ԴՄՀՖ) անմիջական կազմակերպմամբ, ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևանա լճի հանրային լողափում, առաջին անգամ անցկացվեց ՀՀ անկախության 23-րդ տարեդարձին նվիրված 23-րդ մարզական խաղերի ծրագրով «լողափնյա ֆուտբոլի» առաջնություն:

Առաջնությանը մասնակցում էին թիմեր Երևանից և մարզերից: Խաղերի բացմանը ներկա էին ՀՀ կրթության և գիտության նախարարության մարզառազմական և արտաուսումնական դասիարակության վարչության պետ Արման Այվազյանը, ԴՄՀՖ-ի նախագահ Արա Մեհրաբյանը և Կոկա-Կոլա ՓԲԸ ներկայացուցիչները: Ինչպես բացման ժամանակ նշեց Արա Մեհրաբյանը, այս առաջնությունը ուներ փորձնական նպատակ և այն գնալով զարգանալու է:

Պարոն Մեհրաբյանը արդար խաղ և հաջողություն մաղթեց բոլոր մասնակիցներին: Ինչ վերաբերվում է մրցաշարին, ապա այն անցավ անզիչում պայքարում: Հաղթող ճանաչվեց Վարդենիսի թիմը, երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրեցին Երևան 2 և Երեևան 1 թիմերը: Մրցանակակիրները ՀՀ կրթության և գիտության նախարարության և ԴՄՀՖ-ի կողմից պարգևատրվեցին պատվոգրերով և մեդալներով, իսկ Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփնի Արմենիա ՓԲԸ-ն բոլոր դպրոցական մարզիկներին նվիրեց գնդակներ և սպորտային ուսապարկեր:

Մրցաշարից հետո իր տպավորություններով կիսվեց ՀՀ կրթության և գիտության նախարարության մարզառազմական և արտաուսմնական դաստիարակության վարչության պետ Արման Այվազյանը.
- «Լողափնյա ֆուտբոլ» Հայաստանում կազմակերպվեց առաջին անգամ և կարծում եմ այն կարելի է համարել հաջողված: Գոհ ենք մասնակիցների գեղեցիկ խաղից, ցուցաբերած հմտություններից և ֆիզիկական պատրաստականությունից, ինչպես նաև մրցավարներից անկողմնակալ վերաբերմունքի և մասնագիտական բարձր որակի համար: Մենք պատրաստվում ենք մասայականացնել այս առաջնությունը և հաջորդ տարի կազմակերպել ավելի մեծ ու հարմարավետ պայմաններում: Չենք բացառում նաև ապագայում կազմակերպվելիք առաջնությունների հաղթողների մասնակցությունը միջազգային տարբեր մրցաշարերին:

Լողափնյա ֆուտբոլն շատ գեղեցիկ ու գրավիչ սպորտաձև է և դրա վառ ապացույցն է խաղերին հետևած հանգստացողների և ֆուտբոլասերների արձագանքը: Հույս ունենանք, որ այն կզարգանա և հաճույք կպարգևի հայ ֆուտբոլասերներին:

Մրցաշարին հետևեց և լուսաբանեց Սուրեն Նազարյանը