«Մեր կազմակերպությունը դատապարտում է և՛ Կարեն Պետրոսյանի, և՛ Սարգիս Անանյանի, և՛ Ինջիղուլյանի հետ կատարվածը: Երևի թե բախտը ժպտաց Հակոբ Ինջիղուլյանին, որ տեղափոխվեց երրորդ երկիր»,- իր խոսքում նշեց «Անհայտ կորած ազատամարտիկների հարազատների խորհուրդ» ՀԿ նախագահ, Գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով հանձնաժողովի անդամ Ռիմա Առաքելյանը սեպտեմբերի 3-ին հրավիրված ասուլիսի ժամանակ: Իրականում լրագրողները ասուլիսի ժամանակ ներկա գտնվեցին մի «քաոսային» իրավիճակի, որի արդյունքում պարզ դարձավ թե ինչու են ՀՀ քաղաքացիները պարբերաբար պատանդ ընկնում հակառակորդին և ինչո՞ւ հաճախ այդպես էլ չեն վերադառնում հայրենիք: Այն կառույցներում, որոնք պետք է գործեն տվյալ դեպքերում, խառնաշփոթ է: Ասուլիսի ժամանակ հնչում էին մեկը մյուսին հակասող հայտարարություններ:

«Սարգիս Անանյանը օգոստոսի 26-ին հայտնվել է գերության մեջ: Քաղաքացիները գնում են փայտի, անտառ հատապտուղներ հավաքելու և ընկնում են գերության մեջ: Հերթական զոհերից էր Սարգիս Անանյանը: Կարմիր խաչին դեռ ոչ մի բան հայտնի չի Սարգիս Անանյանի հարցում: Իսկ Անանյանի հարցով զբաղում է ԿԽՄԿ-ն: Տեղեկություն չի ստացվում Ադրբեջանից: Հանձնաժովը ամեն բան անում է, բայց պաշտոնական ոչ մեկը դուրս չի գալիս համագործակցելու: Դրա համար զբաղվում է ԿԽՄԿ-ն»,- ասում է Ռիմա Առաքելյանը:

Մենք ականատես ենք լինում մի ցավալի պատկերի. խաղաղ քաղաքացիները կարող են առօրյա հոգսերը հոգալիս անգամ գերի ընկնել: Դրանով պետք է զբաղվեն մի շարք կազմակերպություններ, պետական կառույցներ, որոնք, ըստ էության, երբեք չեն համագործակցում: Կարմիր խաչի հայաստանյան գրասենյակն էլ ի զորու չի գերիներին հետ վերադարձնել: Ադրբեջանական կողմը հրաժարվում է համագործակցել և հայ գերիները Ադրբեջանում հայտնվում են անելանելի վիճակում: 

Ռիտա Առաքելյանը չկարողացավ անգամ պատասխանել, թե որ փուլում են աշխատանքները, ու ինչ հույսեր պետք է ունենանք գերիների հետ կապված: Միայն նշեց, որ Կարեն Պետրոսյանի դիակը պետք է առանց նախապայման բերվի, բայց թե ով պետք է բերի, կամ ով զբաղվի անհայտ է. «Կարեն Պետրոսյանի դիակի տեղափոխման համար դեռ ոչ մի շարժ չկա: Ֆրանսիան, ԱՄՆ-ն, և այլ երկրներ Ադրբեջանին դատապարտելով մեկտեղ, նաև պահանջել են փորձաքննություն՝ Կարենի մահվան պատճառները պարզելու համար: Սակայն, դեռ տեղեկատվության կամ գործի ոչ մի նշույլ չկա: Դրանով է զբաղվում Կարմիր խաչը: Իսկ Սարգիս Անանյանի համար Ադրբեջանը հենց արձագանքեց, որ իրենց մոտ է»:

Անընդհատ շեշտվում էր Կարմիր խաչ միջազգային կազմակերպության մասին, սակայն, այն ևս մի կողմ է քաշված այս գործից: Զգացվում է, որ գերիների հետ վերադարձման գործում «շահագրգռված չէ» ոչ մի կազմակերպություն: Մեկ ամիս է զբաղվում են գործով, «աշխատանքներ» են տարվում, սակայն, արդյունք այդպես էլ չի արձանագրվում: Կարմիր խաչը փաստացի ոչ մի գործունեություն չի ծավալելու Կարեն Պետրոսյանի դիակը Հայաստան տեղափոխելու համար: Սպասում են մինչև երկու երկրները համաձայնության գան և նոր փոխանակման կամ հանձման գործընթացին հետևեն: Ադրբեջանը կարող է մեկ- երկու ամիս համաձյանության գործընթացը հետաձգի, և արդյունքում ստացվելու է այնպես, որ Կարենի դիակը դեռ երկար ժամանակ պիտի Ադրբեջանում գտնվի:

Ահա այսպիսի անհասկանալի հայտարարություններ հնչեցին ասուլիսի ժամանակ: Կառույցները, որոնց պատասխանատվության տակ են գտնվում մարդկային ճակատագրեր, ուղղակի «քաոսային» իրավիճակում են և հետևաբար մեր հայրենակիցների ապագան մնում է անհայտ: