«Եզդիների սպանությունները Շանգալ նահանգում առանձնակի դաժանությամբ են տեղի ունեցել. մոր աչքի առաջ գլխատել են որդուն, եզդի կանանց էլ հիմնականում չէին սպանում, այլ տանում էին որպես գերի եւ վաճառում Մոսուլի շուկայում: Նույնիսկ դեպքեր են եղել, որ կանայք միասին պարանով կապել են իրենց ձեռքերը և անդունդից ցած են նետվել, որպեսզի չընկնեն իսլամիստների ձեռքը»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտնեց «Եզդիների ազգային կոմիտե» ՀԿ փոխնախագահ Սաշիկ Սուլթանյանը:

Նրա խոսքով Իրաքի հյուսիսային շրջանի Շանգալ նահանգում մոտ 20 հազար եզդի է սպանվել ծայրահեղ իսլամիստների կողմից:Շանգալ եզդիաբնակ մարզը, որտեղ բնակվում էր 600 հազարից ավելի մարդ, ամբողջովին դատարկվել է, և տեղի բնակչությունը տեղափոխվել է Թուրքիա, Սիրիա և եվրոպական երկրներ:  

«Սինջար եզդիների միավորում» ՀԿ նախագահ Բորիս Մուրազին էլ նշեց, որ փախստական եզդիները, որոնք այժմ ապաստանել են Թուրքիայում և Սիրիայում, նպատակ չունեն վերադառնալ իրենց բնակավայր:«Կար ընտանիք, որի 40 անդամներից միայն երկուսն էին ողջ մնացել, պատկերացրեք թե ինչ հոգեբանական ծանր վիճակում են գտնվում հիմա փախստականները»,-ավելացրեց Բորիս Մուրազին: