Երևանի Ազատության հրապարակում այսօր մեկնարկեց ընդդեմ Մաքսային և Եվրասիական տնտեսական միություններին Հայաստանի անդամակցելու բողոքի ցույցը, որից հետո ցույցարարները պետք է շարժվեն դեպի նախագահական նստավայր: Երիտասարդները միտում ունեն ցույց տալ անհնազանդություն ընդդեմ «չարիքի կայսրության»:
Ցույցի մասին նախօրոք տարածած հայտարարության մեջ նշվել է. «Մենք բոլորս քաջ գիտակցում ենք, որ ի սկզբանե խախուտ և անհեռանկար «Մաքսային միություն» ռուսական նախագծին Հայաստանի անդամակցելը հերթական անգամ Հայաստանը դարձնում է միջոց ու գործիք ռուսական չարյաց կայսրության ձեռքին, և մեր երկիրը Ռուսաստանն օգտագործելու է իր կայսերական նկրտումներն ու ամբիցիաները բավարարելու համար»:
Այս կոչով են հանդես եկել հայ երիտասարդները. «Եկե՛ք բոլորս միասին զորակցենք Շանթ Հարությունյանին և մյուս ազատակամ հայորդի քաղբանտարկյալներին, որոնք դուրս եկան իշխանությունների դեմ Հայաստանի ողնաշարը ամրացնելու, անկախության դրոշակը երկինք պահելու հաստատակամությամբ, առանց գեթ մեկ վայրկյան վարանելու: Եկե՛ք միահամուռ պահանջենք մեր քաջարիների ազատությունը: Նրանց ազատությունը թանկ է բոլորիս համար: Նրանց ազատությունը բոլորիս ազատությունն է: Եկե՛ք բոլորս միասին ցույց տանք մեր ազատատենչ ոգին, որ մենք չենք ընկրկելու ոչ միայն ռուսական ստրկամտության, այլև երկիրը զավթած անօրենների առջև: Եվ եկե՛ք վերջապես պայքարենք միասին, համախմբված ու միաբռունցք»: