Հայաստանի Հանրապետությունում գրեթե բոլոր ոլորտներում պարբերաբար իրականացվում են լուրջ «բարեփոխումներ». եթե իհարկե դա հնարավոր է այդպես կոչել: Իսկ ավելի ճշգրիտ և արդարացի լինելու համար պետք է նշել, որ այսպես կոչված «բարեփոխումներն» իսկապես արվում են, սակայն ո՞ւմ օգտին, ո՞վ է դրանից շահում:
Ենթադրվում է, որ յուրաքանչյուր «բարեփոխում» կառավարական ցանկացած օղակում իրականացվող, որոնք, ի դեպ, ֆինանսավորվում են հենց մեր՝ հասարակ քաղաքացիների վճարած հարկերի հաշվին, պետք է ապահովեն որոշակի դրական արդյունք: Այսինքն՝ պետք է ունենա որոշակի ՕԳԳ, որպեսզի մենք՝ հասարակ քաղաքացիներս ականատես լինենք ծախսված միջոցների արդյունքում ստացված որոշակի փոփոխության, արժեքի:
Դրական փոփոխություններ իհարկե նկատվում են, բայց ո՞ւմ օգտին, ո՞վ է շահում այս «բարեփոխումներից»: Որպեսզի չլինենք չափազանց վերացական հայտարարություններ կատարողի դերում, օրինակ բերենք ՀՀ-ում գործող տեղական անձնագրային բաժանբունքները, մեր՝ հասարակ քաղաքացիների լեզվով ասած «պասպորտ սեղանների» գործունեությունը:
Վերջին տարիների ընթացքում մեծ շուքով բարեփոխումներ իրականացվեցին նաև այս ոլորտում. հին քրքված մատյաններին փոխարինելու եկան նոր, ժամանակակից համակարգիչները, բարեկարգվեց աշխատանքային միջավայրը, նորոգվեցին հին շենքերը և այլն: Ստացվեց, որ կատարված «բարեփոխումների» արդյունքում շահեցին հենց անձնագրային բաժանմունքների աշխատակիցները, իսկ մե՞նք՝ հասարակ քաղաքացիներս...
Այցելելով անձնագրային բաժանմունք և ցանկանալով իրականացնել որոշակի գործողություններ բնական է, որ անհրաժեշտ են լինում փաստաթղթեր: Եվ ահա այստեղ մենք տեսնում ենք, թե ինչքանով են օգտակար նոր համակարգիչներն ու մնացած բարեփոխումները: Աշխատակիցը պահանջում է փաստաթղթերի պատճեններ և «անպայմանորեն» պարզվում է, որ բաժանմունքի ներսում պատճենահանման սարքեր գոյություն չունեն:
Այսինքն՝ կատարված բարեփոխումների արդյունքում չի «բարեփոխվել» վերաբերմունքը ՀՀ քաղաքացու նկատմամբ: Մեր կողմից վճարվող հարկերը «չեն բավականացրել» ձեռք բերելու պատճենահանող սարքեր, որոնք հնարավորություն կտան տեղում լուծել փաստաթղթերի հետ կապված խնդիրները: Դրա փոխարեն ցանկացած գործարք իրականացնելիս մենք ստիպված ենք լինում վազել և «գտնել» պատճենահանում իրականացնելու համար վայր:
Սակայն արդարացի լինելու համար պետք է նաև նշել, որ անձնագրային ցանկացած բաժանմունքի մոտակայքում պատճենահանման կետ հնարավոր է գտնել: Այո, սա ամենայն ճշմարտություն է...բայց այս վայրը, իհարկե, պատճենում է 2-3 անգամ ավելի թանկ գնով, քան ցանկացած ուրիշը: Օրինակ՝ անձնագրի պատճեն սովորական պատճենահանման կետում արժէ 30-50 դրամ, իսկ պահանջված լինելու պարագայում 100 դրամից մատչելի անհնար է գնտել: «Հրաշալի» բիզնես է:
Եվ, որպես ամփոփում պետք է նշենք՝ պատճենահանման այս «հրաշք» բիզնեսը «ոչ մի դեպքում, ուղղակի անկասկած» չի պատկանում տվյալ անձնագրային բաժանմունքի պետին կամ այդ ոլորտի հետ անմիջական կապ ունեցող անձնավորությանը: Այս մեկը «հաստատ» է: