«Առավոտ» թերթը գրում է.
««Առավոտին» հայտնի են դարձել որոշ մանրամասներ նախօրեին խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստի ժամանակ պատգամավորների և ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի փակ հանդիպումից:
«Մեր տեղեկություններով Էդվարդ Նալբանդյանը մանրամասներ է պատմել Թուրքիա՝ Ռեջեփ Թայիդ Էրդողանի երդմնակալության արարողությանն իր մասնակցության մասին: Մասնավորաբար, նախարարը տեղեկացրել է, որ թուրքական կողմի հրավերքը ՀՀ նախագահին՝ Թուրքիայի նախագահի երդմնակալությանը մասնակցելու, հայկական կողմի համար բավական հարմար առիթ է եղել պաշտոնական տեսք տալու Ցեղասպանության 1ՕՕ-ամյա տարելիցին Հայաստան այցելելու համար Թուրքիայի նախագահին Սերժ Սարգսյանի կողմից արված հրապարակային հրավերքին:
Մեր աղբյուրի տեղեկացմամբ՝ պաշտոնական Հայաստանի ներկայությունն Էրդողանի երդմնակալությանը, ըստ Նալբանդյանի, անակնկալ է եղել ոչ միայն Թուրքիայի, այլ նաև մասնակից մյուս պետությունների համար:
Ինչևէ, հայկական կողմի քայլը բավական դրական և բարձր է գնահատվել: Քանի որ պաշտոնական ընդունելություններ են եղել, Էդվարդ Նալբանդյանի համար մի փոքր բարդ է եղել ՍերԺ Սարգսյանի հրավերքը փոխանցելը: Ինչևէ, Նալբանդյանը հաջողել է Էրդողանին տեղեկացնել իր այցելության բուն առաքելության մասին, ինչը, Նալբանդյանի ներկայացմամբ, բավականին անակնկալի է բերել Թուրքիայի նախագահին. նա չի ջանացել թաքցնել դա: Նամակը փոխանցելուց հետո վերջինս երկար ժամանակ փորձել է ընթերցել հրավերքի հայկական տեքստը ու չի հաջողել: Էդվարդ Նալբանդյանը հուշել է, որ հակառակ կողմում նաև անգլերեն տեքստ կա: Ընթերցելուց հետո Էրդողանը ձեռք է մեկնել Էդվարդ Նալբանդյանին: Ձեռքսեղման ընթացքում Թուրքիայի նախագահը, դիմելով ՀՀ արտգործնախարարին, ասել է՝ տեսնո՞ւմ եք, որ բարեկամներ ենք, իսկ Դուք ասում եք... Էդվարդ Նալբանդյանը նկատել է, որ պարոն Էրդողանը ՀՀ նախագահի հետ ձեռք սեղմելու տարբեր առիթներ ունեցել է, բայց դա չի կաշկանդել նրան իր հետագա հայտարարություններում: Մոտ կես ժամ տևած Նալբանդյան-Էրդողան առանձնազրույցից հետո Թուրքիայի նախագահը Նալբանդյանին խնդրել է ՀՀ նախագահին իր ողջույնները փոխանցել»:
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: