«Օրերս բավական մեծ ուշադրություն է հրավիրվել Գյումրու անօթևանների խնդրին սփյուռքի կողմից, նույնը չի կարելի ասել  տեղական իշխանությունների մասին»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Շիրակ» կենտրոնի տնօրեն  Վահան Թումասյանը:

«Երկու տարի շինարարական աշխատանքները դադարելուց հետո որոշվեց որ պետք է վերսկսելու փոխարեն բնակարանների գնման սերտիֆիկատներ տրամադրվեն անօթևաններին»,- ասում է Վահան Թումասյանը: Սա ԲԳՎ (բնակարանների գնման վկայագիր) տարբերակն է, երբ պետությունը քաղաքացուն տրամադրում է սերտիֆիկատ, որի համաձայն նա որոշակի գումար է ստանում բանկից: «Սա ունեցել է բացասական կողմեր, շատ ընտանիքներ այսօր հենց այդ պատճառով է, որ չեն կարողացել բնակարան ձեռք բերել, քանի որ բանկի տրամադրած գումարը չի բավականեցնում բնակարան գնելուն, նմանօրինակ ընտանիքներ 3300-են»,- նշում է Վահան Թումասյանը:

«Հարցում կազմակերպվեց թե մարդիկ ինչ են ուզում անօթևան բնակարան գնել, թե՞ կառուցապատել ու քանի որ կառուցելն ավելի բարդ է բոլորը համաձայնեցին գնմանը:Մենք առաջարկել ենք որպեսզի պետությունը գնի բնակարանները և վիճակահանությունների ճանապարհով բաշխի ընտանիքներին, սակայն սկզբում ընդունեցին բայց հետո առանց պատճառաբանության որոշեցին, որ հարցը մնա նույն կերպ»,- ավելացրեց կենտրոնի տնօրենը:

Այժմ աղետի գոտում առկա են երեք կարգավիճակի անօթևան ընտանիքներ:430 ընտանիք, որոնց պետությունը պարտավոր է ապահովել բնակարանով, 700 ընտանիք որոնք անօթևան են ճանաչված բայց որոշում չունեն բնակարանի ապահովման մասին և 3000 ընտանիք որոնք չեն համարվում աղետի գոտում գրանցված ընտանիք: «Հենց այս երրորդ կարգավիճակի ընտանիքներին էլ կբաշխեն այն բնակարանները, որոնք կգնվեն հեռուսատամարաթոնի շրջանակներում հավաքված գումարի շնորհիվ»:

Հիշեցնենք, որ Սեպտեմբերի 7-ին Լոս Անջելեսում տեղի կունենա հեռուստամարաթոն աղետի գոտուց տուժածների համար բնակարան գնելու նպատակով: