«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Նոր Նորքի զինվորական կոմիսարիատի զորակոչային բաժանմունքի կցագրման գծով տեսուչ, ավագ ենթասպա Տիգրան Հովհաննիսյանին կալանքից ազատ են արձակել և նրա դեմ հարուցված քրեական գործը շուտով կկարճվի:
Հիշեցնենք, որ այս տարվա մարտի 20-ին Նոր Նորքի զինվորական կոմիսարիատի զորակոչային բաժանմունքի պետի աշխատասենյակում հիվանդ զորակոչիկներից 3900 ԱՄՆ դոլար խոշոր չափի կաշառք վերցնելուց անմիջապես հետո ձերբակալվել էին Նոր Նորքի զինվորական կոմիսար, գնդապետ Ռաֆայել Զախարյանը և զորակոչային բաժնի տեսուչ Տիգրան Հովհաննիսյանը:
Պարզվում է՝ այս գործով նոր բացահայտումներ են ի հայտ գալիս: «Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ՝ Տիգրան Հովհաննիսյանի դեմ հարուցված քրեական գործը մի քանի օր հետո ՀՀ քր. դատ. օր. 31 հոդվածի հատկանիշներով կկարճվի, քանի որ հանցակազմ չկա»:
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: