<Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հայկական «էշ, մի սատկի, գարուն կգա» արտահայտությունը գերազանց սերտած կառավարությունը երեկ կրկին «խաբեց-ճամփեց» «Նաիրիտ» գործարանի աշխատակիցներին։ Մարդիկ վաղուցվանից արդեն չեն հավատում՝ իրենց աշխատավարձերը կստանա՞ն, կամ իրենց խնդիրներին լուծում կտրվի՞։
«Նաիրիտի» աշխատակիցներին փորձեց հանգստացնել էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը, սակայն նաիրիտցիները չցանկացան խոսել նրա հետ և պահանջեցին Հովիկ Աբրահամյանի ներկայությունը։ «Խաբեբա, հեռացիր»,- գոռում էին մարդիկ։ Այնուամենայնիվ, Երվանդ Զախարյանը խոստացավ մինչև սեպտեմբերի 15-ը լուծել նաիրիտցիների խնդիրները։ Ակցիայի կազմակերպիչ, գործարանի արհմիության ղեկավար Հրաչ Թադևոսյանը խնդրեց իր կոլեգաներին մի քիչ էլ սպասել. «Մինչև ամսի 15-ը խոստացան մեր խնդիրներին լուծում տալ։ Ամսի 15-ը սարերի հետևում չէ, 10 օր է մնացել։ 4 տարի եթե դիմացել ենք, 10 օր էլ կդիմանանք»։ Դրսում կանգնած մոտ 200 աշխատակիցները միահամուռ «ուուուու՜»-ներով արտահայտեցին իրենց դժգոհությունը։ Բայց դե, ճարնե՞րն ինչ, հայ-հարայ էր՝ պատրաստվում էին ցրվել, մեկ էլ թատերաբեմում հայտնվեց ՀՀԿ-ի տատիկը և պահանջեց մարդկանց «հանգստանալ»։
«Հանգստացե՜ք, հերիք ա, հանգստացե՜ք»՝ ողբագին գոռում էր տատիկը, սակայն նրա խոսքից մարդիկ էլ ավելի «գրգռվեցին»՝ հանգստանալու փոխարեն։ «Մայրիկ ջա՛ն, դու նաիրիտցի չես, մեր հետ գործ չունես»,- բարձրախոսով ասաց Հրաչ Թադևոսյանը։ Նաիրիտցիները կգնային նաև նախագահի նստավայր, սակայն նախագահը երկրում չէ՝ Ուելսում է։ Հրաչ Թադևոսյանը հայտարարեց. «Մարդիկ կան՝ առաջարկում են Հանրապետության հրապարակի կենտրոնով մտնենք, մարդիկ կան՝ որևէ կուսակցությունից արդեն հանձնարարությունը ստացած եկել են, ուզում են մեր ուժերին, մեր միամիտներին օգտագործեն։ Ես խնդրում եմ՝ ոչ մեկին մի՛ ենթարկվեք։ Ես, որպես միտինգի կազմակերպիչ, խնդրում եմ անօրինական ոչ մի քայլի չգնալ»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում: