«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երևանի Կենտրոն-Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գայանե Կարախանյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում վստահեցրեց, որ իր փեսան որևէ կապ չունի քրեական աշխարհում հայտնի Թևոսիկի եղբոր` Արթուր Սաֆարյանի սպանության գործի հետ:

Հիշեցնենք, որ 2014թ. հունվարի 27-ին՝ գիշերը, իր տան բակում արձակված կրակոցներից սպանվել էր Արթուր Սաֆարյանը: Փետրվարի 3-ին ոստիկանությունը բերման ենթարկեց Իսրայել Սարգսյանին (Իսո), ով Գոռ Վարդանյանի գլխավորած «Դուքենդո» ֆեդերացիայի անդամներից էր, և Տիգրան Ասատրյանին: Ավելի ուշ, Իսոյին մեղադրանք առաջադրվեց իր ընկերոջ Մոսոյի սպանությունը պատվիրելու համար: Թևոսիկի եղբոր սպանության գործով քննությունը սկզբում իրականացնում էր ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչությունը, բայց երբ տեղափոխվեց Ազգային անվտանգության ծառայության վարույթ, պարզվեց՝ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության բաժնի նախկին օպերլիազոր Գրիգոր Ղուկասյանն առնչություն ունի գործի հետ: Ի դեպ, նա Երևանի Կենտրոն-Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գայանե Կարախանյանի փեսան է:

Լուրեր կան, որ Արթուր Սաֆարյանի սպանությունից մի քանի օր անց նախկին օպերլիազոր Գրիգոր Ղուկասյանը Իսրայել Սարգսյանին ցույց է տվել Մովսես Ներսիսյանի` Մոսոյի լուսանկարը և ասել, թե ոստիկանները Արթուրի սպանության համար նրան են փնտրում: Այսինքն՝ ոստիկանության օպերատիվ աշխատանքները տապալել է: Ու դրանից հետո սպանվել է Մոսոն, որի դին ոստիկանները մինչ օրս չեն կարողանում գտնել կոյուղու դիտահորից:

Գրիգոր Ղուկասյանի այս արարքի մասին «Ժողովուրդ»-ը զրուցել է նրա զոքանչի՝ Կենտրոն-Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գայանե Կարախանյանի հետ:

-Տիկին Կարախանյան, լուրեր տարածվեցին, որ Ձեր փեսան` ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության բաժնի նախկին օպերլիազոր Գրիգոր Ղուկասյանը, անցնում է քրեական աշխարհում հայտնի Թևոսիկի եղբոր սպանության գործով:

-Ես բացարձակապես որևէ առնչություն չունեմ այդ քրեական գործի հետ և ոչ էլ իմ փեսան որևէ առնչություն ունի: Իմ անունը շահարկել եք, որ ժողովուրդը կարդա, թե չէ, եթե մենակ իմ փեսայի անունը նշեիք, ով կիմանար, թե ինչ էր: Ես այնքան գործ ունեմ, հիմա էլ նստեմ մտածեմ, թե դա ինչ գործ է: Կրկնում եմ՝ չեմ հետաքրքրվում:

-Բայց խոսքը Ձեր փեսայի մասին է:

-Կարախանյանը ի՞նչ կապ ունի իր փեսայի հետ: Կապ ունի՞:

-Ձեզ չի մտահոգո՞ւմ, որ Ձեր հարազատ փեսան աղմկալի սպանության գործով է անցնում:

-Այո, նա իմ փեսան է, բայց ես իմ փեսայի գործերի հետ կապ ունե՞մ:

Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում: