Սեպտեմբերի 8-ին ժամը 18:00-ին «Ջամբո էկզոտիկ պարկ ռեստորանում» (Jambo Exotic Park & Restaurant) տեղի է ունենալու բարեգործական համերգ, հաշմանդամություն ունեցող երեխաների շտապ վիրահատության համար: Այս մասին այսօր լրագրողներին հայտնեցին Հայ մայրեր հասարակական կազմակերպության նախագահ Նարինե Մանուկյանը, «Ջամբո էկզոտիկ պարկ ռեստորանի» տնօրեն Արտյոմ Վարդանյանը և կոմպոզիտոր Արմեն Մարտիրոսյանը:
«Մեր կազմակերպությունը շատ մանկական սրճարաններից էր ուզում աջակցություն ստանար, սակայն, բոլորի կողմից մերժվեց: Հաճելիորեն զարմացանք, որ Արտյոմ Վարդանյանը մեծ պատրաստակամություն հայտնեց օգնելու, աջակցելու մեզ: Դրանից հետո մեր կազմակերպության հաշմանդամ երեխաները իրենց մայրիկների հետ մեծ խմբերով, քաղաքապետարանի տրամադրած ավտոբուսներով, երկու անգամ գնացինք «Ջամբո պարկ»: Հրաշալի վայր է և, կարծես, Հայաստանում չլինես: Դա, իհարկե, տնօրենից էլ է գալիս, որովհետև մարդիկ իրենց այնտեղ զգում են ուրիշ կերպ: Մեր փոքրիկները ուղղակի հիացած էին տեղայնքով: Հետո հասունացավ մի լավ գաղափար, որ կարելի է նաև բարեգործական համերգ կազմակերպել»,- իր խոսքում նշեց Նարինե Մանուկյանը:
«Մեր նպատակը չէ բարեգործական համերգ կազմակերպել, այլ հանդիպում կազմակերպել հաշմանդամ երեխաների և հայ աստղերի միջև: Ի սկզբանե որոշել էինք փոքրիկ միջոցառում կազմակերպել: Ես սկսեցի զանգել մեր աստղերին: Այդ փոքրիկ միջոցառումը մեկ-երկու օրվա մեջ այնպիսի մեծ արձագանք ստացավ, որ սկսեցին հետաքրքրվել նաև քաղաքական անձինք: Միջոցառումանը ներկա են լինելու ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի, ինչպես նաև մշակույթի նախարարն ու այլոք»,- հայտնեց կոմպոզիտոր Արմեն Մարտիրոսյանը:
«Հաշմանդամություն ունեցող երեխաների հետ շփվելուց և ընկերոջս հետ շփվելուց հետո եկանք մի մտքի, որ պետք է այդ մասին խոսել: Ես չգիտեի, որ հաշմանդամություն ունեցող երեխաների թիվն այդքան մեծ է: Իրոք, երկրի որակի մասին է խոսում այն փաստը, որ չկան դրսում սայլակով մարդիկ: Փառք աստծո, որ հիմա քաղաքապետարանը մեծ քայլեր է ձեռնարկում, որ այդ խնդիրը վերանա»,- հավելեց «Ջամբո պարկի» տնօրենը:
Նշենք, որ միջոցառման ինֆորմացիոն հովանավորն է «Հայկական տեղեկատվական կենտրոնը» (Armenian Information Center):