ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը և Երևանի կոնյակի գործարանի գործադիր տնօրեն Արտակ Բարսեղյանն այսօր Երևանի կոնյակի գործարանի Այգավանի մասնաճյուղում մասնակցել են խաղողի մթերման մեկնարկին: Գործարանի գործադիր տնօրենի փոխանցմամբ՝ այս տարի նախատեսվում է մթերել 37 000 տոննա խաղող, ինչը շուրջ 2000 տոննայով գերազանցում է նախորդ տարվա մթերման ցուցանիշը: Գործարանն այս տարի մթերվող խաղողի 1 կիլոգրամի գինը սահմանել է 150 դրամ Արմավիրի և Այգավանի մասնաճյուղերի համար և 140 դրամ Տավուշի տարածաշրջանի համար, համապատասխանաբար անցյալ տարվա 145 և 135 ՀՀ դրամի փոխարեն: Յուրաքանչյուր գյուղացի իր կողմից մատակարարված բերքի գումարը կստանա խաղողը հանձնելուց հետո երեքից-չորս բանկային օրվա ընթացքում:
«Այս տարի խաղողի բերքը որակյալ է, ավելացել են նաև բերքի ծավալները: Անցյալ տարի հանրապետությունում արտադրվել է 241 000 տոննա խաղող, մենք համոզված ենք, որ այս տարի կգերազանցի նախորդ տարվա մակարդակը: Անցյալ տարի մթերվել է 167 000 տոննա խաղող, այս տարի մթերող ընկերությունների պահանջարկն ավելին է և կազմում է մոտավորապես 200 000 տոննա: Երևանի կոնյակի գործարանի փորձը պետք է մյուս ընկերությունները ևս որդեգրեն, անցնեն երկարատև պայմանագրերի կնքմանը և օժանդակեն գյուղացիական տնտեսություններին»,–ասել է ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը: Նախարարը հավելել է նաև, որ սեպտեմբերի 8-ից մյուս գործարանները ևս մթերումներ կիրականացնեն, իսկ սեպտեմբերի 10-ից բոլոր գործարաններում կսկսվի խաղողի մթերումները: Որոշ մթերողներ պատրաստակամություն են հայտնել ընդունել անսահմանափակ քանակությամբ խաղող: ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը լիահույս է, որ մթերումը սահուն կընթանա և մինչև վերջին կիլոգրամ խաղողը կմթերվի:
Այս մասին տեղեկացնում են ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: