Ֆրանսիական «Ֆիգարո» թերթում որոշակի կրճատումներով հրապարակվել է ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հոդվածը, որի ամբողջական տեքստը ներկայացնում ենք ստորև
Միջազգային հարաբերություններում, ցավոք սրտի, առկա են բաց թողնված հնարավորություններ: Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունը և դրան հաջորդած այլ բարձրաստիճան թուրք պաշտոնյաների մեկնաբանությունները Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցի նախօրեին և հետո, նման դեպքերից են: «Ընդհանուր ցավի», «արդար հիշողության» շինծու դրույթները դժվար թե որևէ մեկին կարող են մոլորեցնել: Հատկապես, երբ Ահմեդ Դավութողլուն է ընդգծում. «Էրդողանի հայտարարության հիմնական նպատակը Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ ամբողջ աշխարհում գործադրվող ջանքերի խափանումն է»: Հաշտեցմանն ուղղված կոնկրետ քայլերի փոխարեն Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման դեմ հանցակցության կոչեր են արվում:
Դժվար է գտնել մի ազգ, որը կարոտով կհիշի դարեր շարունակ կրած ճնշումներն իր նախնյաց հայրենիքում: Ոչ մի ճնշված ազգ չի կարող կարոտով հիշել Օսմանյան կայսրությունը: Ինչպես այլ կայսրություններ, Օսմանյան կայսրությունը ստեղծվել և բռնությամբ պահպանվում էր` իր շատ քաղաքացիների հիմնարար իրավունքները և ազատությունները ճնշելու միջոցով:
Ապշեցուցիչ է քրիստոնյաների և մահմեդականների կրած տառապանքների վերաբերյալ արևմտյան և թուրքական ընկալումների տարբերակումը պարոն Դավութողլուի կողմից: Հայոց ցեղասպանությունը ոչ միայն հայերի կամ արևմուտքի պատմության և հիշողության, այլ նաև մահմեդական աշխարհի հիշողության մասն է: Հայոց ցեղասպանության վերաբերյալ առաջին վկայություններից մեկը պատկանում է մահմեդական ականատես Ֆայեզ էլ Հուսեյնին, ով 1916թ. հրատարակեց «Կոտորածները Հայաստանում» վերնագրով իր գիրքը: Մեքքայի շարիֆ և էմիր Հուսեյն բին Ալին մահմեդական ականավոր առաջնորդներից էր, ով գործում էր հայերի ֆիզական բնաջնջման դեմ և կոչ էր անում իր հպատակներին պաշտպանելու հայերին այնպես, ինչպես կպաշտպանեին իրենք իրենց և իրենց երեխաներին: Հայերի զանգվածային ոչնչացմանը 1919-1921թթ. թուրքական մամուլում անդրադարձել են այնպիսի հայտնի թուրք հասարակական գործիչներ, ինչպիսիք են Ռեֆի Ջևադը, Ահմեթ Ռևֆիկ Ալթընայը: Շատ մահմեդական պատմաբաններ են բնորոշում հայերի կոտորածները որպես ցեղասպանություն, իսկ արաբ պատմաբան Մուսա Փրինսը օգտագործել է «արմենոցիդ» եզրույթը` բնորոշելով այն որպես «ամենացեղասպան ցեղասպանություն»:
Արհեստական քաղաքական քայլերի և կոչերի կարիք չկա հանուն «արդար հիշողության», քանի դեռ նրանք, ովքեր համարձակվում են իրենց տեսակետն ազատորեն արտահայտել, սպանվում են, ինչպես Հրանտ Դինքը կամ աքսորվում, ինչպես Օրհան Փամուկը, կամ էլ կալանավորվում են, ինչպես Ռագըփ Զարաքոլուն:
Դավութօղլուն կրկնում է «ճշմարտությունը պարզելու համար» պատմաբանների հանձնաժողով ստեղծելու նույն հին երգը: Ի պատասխան նույն առաջարկի` ցեղասպանագիտության ասպարեզում ամենահեղինակավոր միջազգային հաստատություններից մեկը` Ցեղասպանագետների միջազգային ասոցիացիան, կոչ է արել թուրքական կառավարությանը ընդունելու այն, ինչն ապացուցվել է շատ վաղուց: Տասնամյա վաղեմության վերաշարադրված կամ վերաձևակերպված կոչերը կրկնելու փոխարեն մենք կարիք ունենք իրական և կոնկրետ քայլերի: Ցյուրիխյան արձանագրությունների վավերացումը, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը, սահմանների բացումը կարող են ուղի հարթել մեր երկու ժողովուրդների հաշտեցման բարդ ճանապարհին: Պատմական հարթության ենթահանձնաժողովը, ինչպես նախատեսված է արձանագրություններով, կարող է հաստատել երկխոսություն երկու ազգերի միջև փոխադարձ վստահությունը վերականգնելու նպատակով: Դա հնարավոր չի լինի անել՝ հարցականի տակ դնելով Հայոց ցեղասպանության եղելությունը:
Առաջնորդվելով 1948թ. «Ցեղասպանություն հանցագործության կանխման և պատժման կոնվենցիայով» սահմանված ցեղասպանության փաստը ժխտելու ակնհայտ մտադրությամբ` Էրդողանը իր ուղերձում ևս մեկ անգամ ընդգծում է, որ այն, ինչ տեղի է ունեցել 1915թ., «տեղի է ունեցել անկախ կրոնից և էթնիկ ծագումից»: Կարծես թե Անկարայում մոռացել են 1919թ. Թուրքիայի զինվորական դատարանի դատավճիռը, որն անհերքելի փաստերով ապացուցեց, որ հայերի տեղահանումը և մասսայական ոչնչացումը պետական քաղաքականություն էր, և մահապատժի դատապարտեց հիմնական կազմակերպիչներին: Կարծես թե «ցեղասպանություն» եզրույթի մշակումը Ռաֆայել Լեմկինի կողմից աննկատ է մնացել Անկարայում: Ստիպված եմ հիշեցնել, որ 99 տարի առաջ, 1915 թ. մայիսի 24-ին Ռուսաստանը, Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան ընդունեցին հատուկ հռչակագիր, որտեղ նրանք նախազգուշացրեցին հայ ժողովրդի դեմ կոտորածներ իրականացնողներին իրենց անձնական պատասխանատվության մասին «մարդկության և քաղաքակրթության դեմ Թուրքիայի գործած այս նոր հանցագործությունների համար»:
Կասկածից վեր է, որ Հայոց ցեղասպանությունը կազմակերպվել է ցեղասպան մտադրությամբ: Մինչդեռ, թուրք պաշտոնյաների կողմից փորձ է արվում հավասարության նշան դնելու պատերազմի կորուստների և հայերի համակարգված բնաջնջման միջև, որի արդյունքում միլիոնավոր իմ նախնիներ կորցրեցին իրենց կյանքը, տները, հողերը, ունեցվածքը: Դա փորձ էր խլելու Օսմանյան կայսրությունում ապրող միլիոնավոր հայերի կյանքի իրավունքը, ինչպես նաև իրենց անցյալը. ավելի քան 2000 մշակութային և կրոնական հուշարձաններ ոչնչացվեցին, իսկ ողջ մնացած մարդիկ տեղահանվեցին իրենց հողերից, որտեղ նրանք բնակվում էին տարածաշրջանում թուրքերի հայտնվելուց շատ դարեր առաջ: Հայոց ցեղասպանության գլխավոր պարագլուխներից մեկը` ներքին գործերի նախարար Թալեաթ Փաշան, 1915թ. ասում է Գերմանիայի գլխավոր հյուպատոսին, որ «գոյություն չունի հայկական հարց, քանի որ հայերն այլևս գոյություն չունեն»: Նա սխալվում էր, բայց այդ սարսափելի ոճիրի էությունը, ծավալները և հետևանքները շատ ավելին են, քան «տառապանքներ» բնորոշումը:
Հացազրույցներից մեկում Էրդողանը հռետորական հարց է տալիս. «եթե այդպիսի ցեղասպանություն տեղի ունեցած լիներ, արդյո՞ք այս երկրում ապրող հայեր կլինեին»: Այսօր մեծաքանակ հրեաներ են ապրում Գերմանիայում, բայց ոչ ոք չի հանդգնում հարցականի տակ առնել Հոլոքոստի իրողությունը: Կամ ինչպե՞ս կարելի է խոսել «տեղահանության» մասին, երբ 1.5 միլիոն մարդ է մահացել կամ սպանվել: Ծրագրավորված մարդկանց քշելը դեպի անապատներ, նրանց սովամահության հասցնելը, մեծ մասին սպանելը «տեղահանություն» չէ, այլ «մահվան արշավը». դա ցեղասպանություն է:
Ցեղասպանության ժխտումը, անպատժելիության մթնոլորտը ճանապարհ հարթեցին մարդկության դեմ նոր հանցագործությունների կրկնության համար: Ցեղասպանագետների կողմից ցեղասպանության ժխտումը դիտվում է որպես հանցագործության վերջին փուլ: Անգամ եթե գտնվում են դեռ սակավաթիվ անձինք, ովքեր շարունակում են ժխտել Հայոց ցեղասպանությունը, չի նշանակում, որ առկա է բանավեճ այս հարցի շուրջ: Մի կողմից գոյություն ունի Ցեղասպանության փաստը, որն ոչ ոք չի կարող կասկածի տակ առնել, որի ցավը աշխարհում ցանկացած տեղ բնակվող յուրաքանչյուր հայկական ընտանիք կրում է ցայսօր և մյուս կողմից գոյություն ունի պաշտոնական և պարտադրված ցեղասպանության հերքումը թուրքական կառավարության կողմից: Թուրքիան բանավեճի մեջ է ինքն իր հետ:
Կարելի՞ է արդյոք ամբողջ աշխարհով սփռված ցեղասպանություն վերապրածների ժառանգներին դարձնել ցեղասպանության ժխտման մասնակից: Կարելի՞ է արդյոք հավասարության նշան դնել ցեղասպանություն իրականացնողների և զոհերի միջև այնպիսի ձևակերպումներով, ինչպիսին է «ընդհանուր ցավը»: Անհնար է պատկերացնել, որ Հոլոքոստի, Կամբոջայի, Ռուանդայի ցեղասպանությունների և մարդկության դեմ գործած այլ հանցագործությունների իրականացնողներին կարելի է հավասարեցվել զոհերին: Կարելի՞ է արդյոք ցեղասպանություն վերապրածների ժառանգներին համարել «թուրքական սփյուռք», ինչն այսօր փորձում են անել որոշ թուրք գործիչներ:
Ինչպես Ռուանդայի ցեղասպանությունը վերապրած Էսթեր Մուժավայոն վերջերս նշեց Ժնևում տեղի ունեցած ցեղասպանությունների կանխարգելմանը նվիրված ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի բարձրաստիճան քննարկման ժամանակ. «Այսօր հայերի չորրորդ սերունդն է, որ դեռևս սպասում է»: Ոչ միայն հայերը, այլ ողջ միջազգային հանրությունը գրեթե 100 տարի է, ինչ սպասում է, որ Թուրքիան կճանաչի Հայոց ցեղասպանությունը: Հաշտության իրական ցանկությունը պետք է ապացուցվի հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման միջոցով: Թուրքական կառավարությունը չպետք է խուսափի իրական հաշտեցումից: Հազարավոր թուրքեր արդեն ընտրել են այդ ուղին:
Դավութօղլուն հիշատակում է հայ երգահան Կոմիտասին որպես Օսմանյան կայսրությունում հայերի բեղմնավոր գործունեության օրինակ: «Արդար հիշողությունը» պետք է որոշ լույս սփռի Կոմիտասի կյանքի վրա, ով Ցեղասպանության ականատեսն էր: Տեսնելով հայերի կրած բոլոր տառապանքները և սարսափը` նա ասել է. ոչ ոք չի պատկերացնում մեր ողբերգության ամբողջ ցավը... այս վիշտը մեզ խելագարության կհասցնի: Եվ 1916թ.-ից ի վեր 20 տարի նա անցկացրեց հոգեբուժարանում:
2003թ. ապրիլի 24-ին, երբ բացում էինք Կոմիտասի արձանը Փարիզում, ես հույս հայտնեցի, որ Հայոց ցեղասպանության զոհերին նվիրված այդ հուշարձանը կխորհրդանշի 20-րդ դարում իրականացված բոլոր ցեղասպանությունների զոհերի տառապանքները և հիշողությունը, որ այն կդառնա սգալու վայր բոլոր նրանց համար, ովքեր դիտում են հանդուրժողականությունը և մարդկային կյանքի ու արժանապատվության նկատմամբ հարգանքը որպես շարունակական գործընթաց, որ այդտեղ կխոնարհվեն ոչ միայն նրանց ժառանգները, ովքեր ֆիզիկական և հոգեկան կորուստներ են կրել, այլ նաև նրանց ժառանգները, ովքեր պատճառել են այդ կորուստները: Ես հավատում եմ, որ դեպի հաշտություն տանող ուղին ժխտողական կեցվածքը չէ, այլ գիտակցված հիշողությունը, քանզի իրական հաշտությունը չի նշանակում անցյալի մոռացում և սնուցում երիտասարդ սերունդներին ժխտողականության հեքիաթներով: Թուրքիան պետք է հաշտվի սեփական անցյալի հետ, որպեսզի կարողանա կառուցել իր ապագան:
Հայաստանի նախագահը հրավիրել է Թուրքիայի նախագահին այցելելու Հայաստան 2015թ. ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի կապացությամբ:
Մենք հուսով ենք, որ սա չի լինի կորցված հնարավորություն և Թուրքիայի նախագահն այդ օրը կլինի Երևանում:
Էդվարդ Նալբանդյան Հայաստանի ԱԳ նախարար