ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը և ՀՀ-ում ԳԴՀ դեսպան Ռայներ Մորելը երեկ ստորագրեցին Հայաստանի Հանրապետության կառավարության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջև 2011թ. ֆինանսական համագործակցության մասին համաձայնագիրը, որը միտված է երկու երկրների միջև առկա բարեկամական հարաբերությունների խորացմանը և ամրապնդմանը գործընկերային ֆինանսական համագործակցության միջոցով, ՀՀ սոցիալ-տնտեսական զարգացմանը: Այս մասին հայտնում է ՀՀ ֆինանսների նախարարությունը:
Համաձայնագրի շրջանակներում ՀՀ կառավարությունը հնարավորություն է ստանում Վերականգնման վարկերի բանկից (KfW) ստանալ արտոնյալ վարկեր հետևյալ ծրագրերի համար.
<<Գյուղատնտեսական սեկտորի աջակցության ծրագիր>> նախագիծ` մինչև 15 մլն եվրո գումարի չափով,<<Կլիմայի համար նպաստավոր թափոնների մշակման տնտեսություն, Հայաստան, 1-ին փուլ>> ծրագիր՝ մինչև 20 մլն եվրո գումարի չափով, <<Վերականգնվող էներգակիրների աջակցություն, 3-րդ փուլ>> ծրագիր՝ մինչև 40 մլն եվրո գումարի չափով:
Վերականգնման վարկերի բանկը հնարավորություն է տալիս ստանալ ֆինանսական օժանդակություն <<Գյուղատնտեսական սեկտորի աջակցության ծրագրի>> իրականացման և աջակցության համար անհրաժեշտ ուղեկցող միջոցառումների համար 250.000 եվրոյի չափով և ֆինանսական օժանդակություն <<Բնապահպանական ծրագիր-Պահպանվող տարածքների օժանդակություն Հարավային Կովկասում. Հայաստանի բաղադրիչ>> նախագծի համար մինչև 4.250.000 եվրո գումարի չափով: