ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն այսօր ընդունեց Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմի դիտարկման հանձնաժողովի անդամներին։ Հայաստանի Հանրապետության նախագահի կողմից հաստատված Ազգային անվտանգության խորհրդի 2014թ. գործունեության ծրագրով սեպտեմբերի 8-ից մեկնարկվում է ՀՀ առողջապահության նախարարության դեղամիջոցներով ապահովման համակարգի գործունեության արդյունավեության մեկշաբաթյա դիտարկումը։
«Ուրախալի է, որ մեզ համար ամենաարդիական և նաև խոցելի այս ոլորտը Ազգային անվտանգության խորհրդի ուշադրության կենտրոնում է։ Մենք պատրաստ ենք աջակցելու ցանկացած հարցում, քանի որ ինքներս ենք շահագրգռված առկա թերությունները բացահայտելու և դրանց լուծում տալու գործում»,-ասաց նախարարը։
Արմեն Մուրադյանը ներկայացրեց, որ օրենսդրական դաշտում առկա բազմաթիվ խնդիրներին լուծում տալու ճիշտ ճանապարհը նոր օրենքի ընդունումն էր, որի նախագիծն արդեն կառավարության քննարկմանն է ներկայացվել։ Նախագծի հիմնարար սկզբունքներով կկանոնակարգվի դեղի ողջ կենսաշղթան` արտադրությունից, ներկրումից մինչև սպառողին հասնելը, դեղերի ներմուծման և գրանցման դյուրացումը, դրանց փորձաքննությունը միջազգային պահանջներին համապատասխանեցնելը և այլն։ Նոր օրենքը միտված է բնակչությանն անվտանգ, արդյունավետ, որակյալ, մատչելի դեղերով և դրանց մասին հավաստի տեղեկատվությամբ ապահովմանը։ Տարբեր երկրների փորձը հաշվի առնելով առաջին անգամ օրենքով կսահմանվի, որ պետությունը կարող է կարգավորել հիմնական դեղերի գները։
Նախարարը կարևորեց նաև կեղծ դեղերի դեմ պայքարը, որում մեծ անելիքներ ունի Առողջապահական պետական տեսչությունը։ Այդ խնդրի լուծմանը կնպաստի նաև ««Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի պահանջով դեղերի պարտադիր դրոշմապիտակավորման նորմի կիրարկումը։ Այն կնպաստի նաև դեղերի որակի ապահովմանը և ստվերային շրջանառության նվազեցմանը, ինչպես նաև տեղական արտադրանքի ծավալների վերահսկմանը։
Արմեն Մուրադյանը նշեց, որ նախարարությանը հաջողվեց ՀՀ կառավարությունում կայացած քննարկման ժամանակ համոզիչ փաստարկներով հիմնավորել, որ դրոշմապիտակավորման գործընթացը չի կարող դեղերի գների աճի հանգեցնել, ինչպես պնդում էին դեղագործական գործունեություն ծավալող որոշ կազմակերպություներ։
Նա ներկայացրեց նաև նախարարության մոտեցումը կենտրոնացված կարգով ոչ միայն առավել մատչելի, այլև առավել արդյունավետ դեղեր ձեռք բերելու վերաբերյալ։ Այդ նպատակով, գործող օրենքի շրջանակում, դեղերի գնման մրցույթներում դեղերի ընտրության տեխնիկական բնութագրերի նոր չափորոշիչներ կհաստատվեն։
Արմեն Մուրադյանն ԱԱԽ դիտարկման հանձնաժողովի անդամներին առաջարկեց այցելել նաև Մարդասիրական օգնութան հանրապետական կենտրոն։
«Դեղերի ոլորտում մեզ համար անկարևոր հարցեր չկան։ Ցանկացած հարցի շուրջ պատրաստ ենք համագործակցել, խորը վերլուծություններ կատարել և համատեղ լուծումներ գտնել»,-ասաց նախարարը։