«Հրապարակ» թերթը զրուցել է «Հանրապետություն» կուսակցության նախագահ, ՀՀ նախկին վարչապետ Արամ Սարգսյանի հետ։

- «Որպես ԵԿՄ անդամ, ինչպե՞ս եք գնահատում «Երկրապահի» պառակտված վիճակը: Հրամանատարներն իրենց ազատամարտիկների դաշինք ստեղծեցին, Ռուբեն Գևորգյանն իր դաշինքն է ստեղծում:

- Իմ մոտեցումն այդ առումով միանշանակ սուբյեկտիվ է: Գիտեմ այսօրվա ԵԿՄ-ի թե առավելությունները, թե թերությունները, բայց համարում եմ, որ Վազգենն իր նույնիսկ այսօրվա գոյությամբ շատ ավելի մեծ ուժ է, քան ցանկացած մեկի կողմից որևէ բարի կամ սեփական շահերին ծառայեցնելու նպատակով ստեղծված կառույցը: Եթե խնդիրներ կան ԵԿՄ վարչության, նրա նախագահի հետ կապված, թող մտնեն այդ կառույց, բարի լինեն բարձրաձայնել այս կառույցում իրենց տեսակետները: Այդ մարդիկ երևի կհիշեն, թե «Երկրապահի» համագումարներում ինչ ելույթներ եմ ունեցել, երբ իրենցից որևէ մեկը ոչ մի ծպտուն չի հանել, ավելին, պատերի տակ, երևի, քննադատել են: Այսօր փորձում են ինչ-ինչ նոր բաներ ստեղծել, ես դա չեմ ողջունում:

- Դուք ասում եք՝ Վազգեն Սարգսյանը հիմա էլ ներկա է, և նրան հիշատակում են անընդհատ: Վերջերս էլ Քոչարյանի 60-ամյակին նվիրված ֆիլմում կա կտոր, որտեղ Վազգենը գովաբանում է Քոչարյանին:

- Նախ, դա միանշանակ հիմնավորում է, որ Վազգեն Սարգսյանը կա և շատ ավելի մեծ գործոն է, քան ֆիզիկապես կենդանի Ռոբերտ Քոչարյանի քաղաքական գործոնը: Երկրորդ՝ եթե Ռոբերտ Քոչարյանը հարգում է Վազգեն Սարգսյանի հիշատակը, նրան իր եղբայրն է համարում և այս մասին բարձրաձայնել էր, նա կարող էր դա ցույց տալ, երբ Վազգեն Սարգսյանի մայրը նստած էր իր դռան առաջ: Ճիշտ էր թե սխալ՝ այլ խնդիր է: Բայց նա իր մեծամտության և գոռոզության աստիճանից չիջավ ներքև: Ես լավ հիշում եմ, թե ինչպես 99 թվականի հոկտեմբերի 30-ին Ռոբերտ Քոչարյանը մեր բակում, իմ, Գագիկ Հարությունյանի, Հրայր Հովնանյանի, Սերժ Սարգսյանի ներկայությամբ, երբ ոչ ոք ոչինչ չէր խոսում, հայտարարեց, որ հոկտեմբերի 27-ի ոճրագործությունն այն 5 մարդկանց ձեռքի գործն է, ուրիշ ոչ ոք չկա: Իրեն հակադարձեցին թե Հրայր Հովնանյանը, թե Գագիկ Հարությունյանը, որ դա այդպես չի: Բայց ինքն ամբողջ դատական պրոցեսը տարավ այն ուղղությամբ, որ հիմնավորվի դա: Այս առումով նա Վազգեն Սարգսյանի անունը տալու բարոյական իրավունք չունի: Երբ ինքը 130 վկաներից հարցաքննում է միայն 60-ին, երբ հանդիպում է ահաբեկչի հետ, որպես երկրի նախագահ, և դաշտում չկա այդ հանդիպման ձայնագրությունը, երբ ինքն ամեն վայրկյան վերահսկում էր դատավարության գործընթացը, ամեն օրվա փաստաթղթերն ուղղակի իր հսկողության տակ էին, որն իր ֆունկցիայից դուրս էր, և այդ ամենն անում էր, որ հիմնավորվի, թե այս 5-ն են եղել: Ուրիշ ոչ ոք չկա: Սրա վրա է, որ այս հասարակությունը կասկածում է իրեն ու իրենց, էդ շրջապատին, և այս կոնտեքստում նա Վազգեն Սարգսյանի պատկերը տեսնելուց, անունը լսելուց պետք է գլուխը կախի, ոչ ավելի: Եթե գետնի հետ կապված մեջբերումներ չանեմ»։

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: