«Հրապարակ» թերթը գրում է.

«Սպասվածի պես ԱԺ աշնանային նստաշրջանի առաջին օրն էլ ՀՀԿ-ում «դասալիքների» պակաս չզգացվեց: Դեռ երկու օր առաջ ՀՀԿ գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը ԳՄ նիստում բաց տեքստով հրամայել էր, որ բոլորը մեկ մարդու պես ներկայանան ԱԺ նիստերին, քանի որ «ԱԺ-ն խրամատ է», որտեղ նրանք կռվելու են գնում, իսկ բացակայողներն «ինձ համար նման են այն զինվորներին, ովքեր թողնում են խրամատը»: Բայց սևին սապոնն ի՞նչ կանի՝ ԱԺ նստաշրջանի մեկնարկից կես ժամ էլ չէր անցել, երբ դահլիճի ՀՀԿ հատվածն այլևս տեղում չէր: «Խրամատն» առաջինը լքեցին իսկական մարտիկները՝ գեներալներ Մանվել Գրիգորյանն ու Սեյրան Սարոյանը՝ հետևներից քարշ տալով իրենց զորքը՝ Շմայս, Նավո, Թոխմախի Մհեր, Բուռնաշ և այլք, իսկ Սերժ Սարգսյանի հավատարիմ զինվոր Լֆիկ Սամոն ընդհանրապես չէր էլ մտել «խրամատ»:

«Եթե զինվորը լքում է խրամատը, ապա գրոշի արժեք չունի, թե այդ ընթացքում այդ զինվորն ինչ աշխարհացունց այլ աշխատանք է կատարում: Եվ եթե զինվորը խրամատում է ու չի կրակում անհրաժեշտ պահին, այդ զինվորն էլ գրոշի արժեք չունի». Սերժ Սարգսյանի այս խոսքերը ոչ մեկն իր վրա չէր վերցրել, ավելին՝ երբ լրագրողները նրանց հիշեցնում էին, վերջիններն իրենց լկտի էին պահում։ «Դավայ, յան տվեք սաղդ ստուց»,- գոռում էր Շմայսն ու արդարանում, թե սենյակում է աշխատանքը շարունակելու: Նովոն նույնպես ամոթանք տվեց լրագրողներին։ «Ամոթ ձեզ, բա ես փախչո՞ղ եմ»,- ասաց ու լքեց խորհրդարանը, իսկ գեներալ Մանվելն ընդհանրապես դարակազմիկ արտահայտություն արեց. «Այ տղա, լքող ըլնի, հետևին ձեռք կտամ»։

Իսկ ի՞նչ է սպասվում հրամանատարի հրամանը չկատարող դասալիքների հետ, ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հորդորեց չաղավաղել Սերժ Սարգսյանի խոսքը»:

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: