«Հրապարակ» թերթը գրում է.
«Վահե Հակոբյանին Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ նշանակելուց հետո լուրեր տարածվեցին, որ Սուրիկ Խաչատրյանի համար են ազատել մարզպետական գահը, մտածելով, թե միայն նա կարող է իր ձեռքի մեջ հավաքել մարզը:
Հատկապես Խոսրով Հարությունյանի այն հայտարարությունից հետո, թե Սուրիկ Խաչատրյանի պոտենցիալը դեռ լիովին սպառված չէ, և «ձեռքբերումներն ակնհայտ են… Այլ հարց է, որ շատ դեպքերում կարծիքներն իրարամերժ են կամ նույնիսկ կարծիքները տարբեր են նրա դերակատարմանը»: Այ քեզ բան. Խոսրով Մելիքիչը, երևի, զարմանում է, որ որոշ մարդկանց դուր չի գալիս, որ իրենց կամ իրենց հարազատներին սպանում են, բռնաբարում, ծեծում: Դրա համար էլ փորձել է անել անհնարը` Լիսկային քաղաքական դեմքով ներկայացնել, և դիմել է երկիմաստ ձևակերպման օգնությանը, չնայած, Լիսկայի մերձավոր շրջապատին հանած, մնացած բոլոր սյունեցիներն այս բառերի տակ կարող էին ուղղակի սպառնալիք տեսնել, որովհետև նրանք հո լավ գիտեն, թե լիսկայենք ինչերի են ընդունակ:
Չնայած Սուրիկ Խաչատրյանը թերթերից մեկին պատասխանել էր՝ «նման առաջարկ չեմ ստացել», և խիստ վիրավորվել էր դիտարկումից, թե սյունեցիներն իր վերադարձը չեն ուզում` «Ի՞նչ գիտես՝ ժողովուրդը լա՞վ է տրամադրված, թե՞ վատ: Բախտագուշա՞կ ես դու, ինչ ա: Ինձ ցանկացողները 99 տոկոս են կազմում»:
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: