Ինքնաբուխ բանաստեղծություններ ոչ միայն մեծերի, այլև երեխաների շուրթերից: Այսօր Օղակաձև այգում գտնվող Չարենցի հուշակոթողի տարածքը բազմամարդ էր: Եղիշե Չարենցի ծննդյան տոնը տարբեր տարիներին տարբեր ձևաչափ է ունեցել: Այս անգամ օրիգինալն այն էր, որ աշակերտները հարցում անցկացրեցին մեր համաքաղաքացիների շրջանում Չարենցի մասին և նրանց բաժանեցին նրա բանաստեղծություններից հատվածներ անցորդներին:  

«Սա ոգևորիչ է և շատ կարևոր, վստահ եմ, որ շատերը իրենք էլ կպարտավորվեն այսօր գնալ տուն և Չարենց վերհիշել: Աշխարհում միայն հայոց առյուծասիրտ մայրերն են ծնում այսպիսի առյուծներ, գրական առյուծներ»,­-ասաց միջոցառման կազմակերպիչ, Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը:

Արձակագիր, թարգմանիչ, բանաստեղծ Եղիշե Սողոմոնյանի հոբելյանին նվիրված տոնական միջոցառումն այստեղ էր մեկտեղել գրողների, արվեստագետների, գրականագետների, չարենցասերների  ու չարենցագետների:   Ասմունքով  հանդես եկան ոչ միայն Երևանի տարբեր դպրոցների աշակերտներ, այլև արվեստագետներ:  

Հոբելյանական միջոցառումներն այժմ շարունակվում են  Չարենցի անվան տուն-­թանգարանում, ինչպես նաև նրա անվան դպրոցում:

«Այս միջոցառման նպատակը ինչ-­որ մեկին ինչ-­որ բան ցուցադրելը չէ, սա հոգևոր դաստիարակության մի դրսևորում է և սերնդեսերունդ փոխանցվում է հայոց մեծերի նկատմամբ խոնարհում ունենալու գիտակցումը», ­- նկատեց Գայանե Սողոմոնյանը: