«Հնարավոր չէ Ռուսաստանի պես երկրում տեղի ունենա արմատական փոփոխություն և չազդի մեր երկրի վրա: Այդ ազդեցությունը ապագայում ավելի ծանր է լինելու քան այսօր»,- իր խոսքում նշեց տնտեսագիտության դոկտոր Զոյա Թադևոսյանը սեպտեմբերի 9-ին հրավիրված ասուլիսի ժամանակ:
Ըստ Զոյա Թադևոսյանի Հայաստանը ստեղծված իրավիճակում արտահանման ծավալներն իջեցրել է. «Հիմա իներցիոն դեռ կարողանում ենք կարգավորել տնտեսական հարաբերությունները, քանի դեռ Ռուսաստանի տնտեսական անկումը էական չէ: Ռուսաստանում գնաճը կազմում է արդեն 15 տոկոս, և այդ գործընթացը դեռ կխորանա: Անցած տարի հունիս-հուլիս ամիսների հետ համեմատած այս տարի Ռուսաստանից ներմուծումը աճել է 7,4 տոկոսով, իսկ արտահանումը նվազել է 6,3 տոկոսով:
Պարզ է, որ Հայաստանը չի կարողանում համապատասխան արտահանում իրականացնել, որպեսզի կարողանա ավելի շատ արտահանել, քան ներմուծել: Դա կնշանակաի, որ ինչպես միշտ կար, և կմնա Հայաստանի արտաքին առևտրային հաշվեկշիռը բացասական մնացորդով: Սա էլ արդեն նշանակում է, որ մենք չունենք այն տնտեսական ներուժը, որպեսզի կարողանանք ռուսական շուկա արտահանել այնքան ապրանքներ, որ ցուցանիշը գնա դեպի դրականի»:
Արգործնախարարի աշխատանքը Զ. Թադևոսյանը հետևյալ կերպ գնահատեց. «Ես մեր արտգործնախարարին չեմ վստահում և չեմ էլ պատկերացնում, որ նա խորությամբ հասկանում է այն ամենը, ինչի մասին խոսում է: Հաճախ մեր իշխանավորները ավելի հակված են, ինչ-որ մտքերի, բառերի շարանով, անորոշության մեջ թողնել իրենց ունկնդրին, և թողնել նաև հնարավորություն յուրաքանչյուրին մտածելու այն, ինչ ինքը կցանկանա: Հետևաբար ես առանձնակի ուշադրությամբ մեր արտգործնախարարին չեմ լսում:
Ռուսաստանի այն տնտեսական իրավիճակը, որ այսօր ձևավորվել է, դա լավատեսական որևէ տրամադրության հիմքեր չի ստեղծում: Ես վստահ եմ, որ եվրազեսին անդամակցության գործընթացը առայժմ կսառեցվի և՛ Հայաստանի, և՛ այլ երկրների ակտիվ գործունեության առումով, որովհետև կան բազմաթիվ չպարզեցված հարցեր»: