Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հրատարակչական բաժինը, ընդառաջ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, լույս է ընծայել Ավագ Հարությունյանի «Հայոց ցեղասպանություն և հայկական հարց. գրքերի մատենագիտություն» արժեքավոր աշխատությունը:

Գիրքը ներկայացնում է Հայոց ցեղասպանությանը և Հայկական հարցին նվիրված 1860-2010 թթ. հրատարակված 19 լեզվով 17.235 միավոր գրքի ամփոփ և համապարփակ մատենագիտությունը: Ի տարբերություն մինչ այժմ տպագրված մատենագիտությունների, աշխատությունն ունի հայերեն, ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն և թուրքերեն լեզուներով կազմված օժանդակ ցանկեր` ըստ անհեղինակ հրատարակությունների, անձնանունների, աշխարհագրական անունների, հրատարակիչների, տպագրության վայրերի և տպագրության ժամանակագրության: Ա. Հարությունյանի հեղինակած առաջաբանում հանգամանորեն ներկայացված են մինչ այժմ հրատարակված նմանօրինակ մատենագիտությունները և այս աշխատության կազմության սկզբունքները: Որպես հավելված` զետեղված են նաև թեմային առնչվող 2011-2013 թթ. տպագրված գրքերի ցանկեր:

Այս համահավաք մատենագիտությունն օգտակար ուղեցույց կլինի Հայոց ցեղասպանության ու Հայկական հարցի ուսումնասիրությամբ զբաղվողների համար:

Գիրքը հրատարակվել է մեկենասությամբ «Սարգիս Գաբրիելյան» հիմնադրամի: