«Ես ոչ մի արտառոց բան չեմ տեսնում, եթե Սյունիքի մարզպետին տեղափոխել են Ջրային պետական կոմիտեյի ղեկավար: Դա ոչ քաղաքական, ոչ էլ տվյալ մարդկանց խնդիրների փոփոխություն է տեղի ունեցել»,- բարձրաձայնեց ՀՀԿ-ական պատգամավոր Վարդան Այվազյանը սեպտեմբերի 10-ին հրավիրված ասուլիսի ժամանակ:
«Պարզապես փոխվել են անձնավորություններ, որոնք իրենց ունակություններով կարող են իրականացնել իրենց աշխատանքը: Թե Սյունիքի մարզպետի հետագա նշանակումը ինչպես տեղի կունենա, չեմ էլ ուզում կանխատեսում անել: Այդ փոփոխություններին ես էապես այդքան էլ լուրջ չեմ վերաբերվում, քանի որ ըստ էության նրանք իրականացնելու են պետության որդեգրած քաղաքականությունը»:
Նախկին մարզպետի անցյալի մասին պարզաբանումներ անելու համար Վ. Այվազյանը նշեց. «Պարոն Խաչատրյանը ինձ շատ մտերիմ անձնավորություն է և ես չեմ կարծում որ իր տեսքը, շարժելաձևը որևէ մեկի մոտ վախ առաջացնի: Եկեք դուրս գանք այս ստերեոտիպներից»:
Այն հարցին, որ պարոն Խաչատրյանը 73-93 թթ.-ին 5 անգամ դատված է եղել գողության, բռնաբարության, ավազակային հարձակման համար, արդյոք չարժէ՞ վախենալ նրան մարզպետ նշանակելուց, Վարդան Այվազյանը պատասխանեց. « Մեր մոտ էսպես է դրված, համախմբված ծաղիկներ ենք տալիս ու համախմբված քարկոծում ենք: Սուրիկ Խաչատրյանը նույն մարդն է, ով թշնամու հետ կռվի ժամանակ ամբողջապես, մինչև վերջ պայքարում էր: Դուք մենակ դա եք ասում, իսկ մնացած լավ կողմերը չեք ասում: Անցյալի համար, թե ինչպիսի գործառույթներ է իրականացրել, ես տեղյակ չեմ և չեմ կարող որևէ բան ասել»: